ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին հնարավորություն տալ անցնելու զինվորական ծառայություն և պետբյուջե գումար մուծել։
«1 ամիս ծառայության դիմաց առաջարկվող 10 մլն դրամը դարձնենք 8 մլն դրամ։ 2 մլն դրամով նվազեցնել, որպեսզի օրենքի շահառուների թիվն ավելի շատ լինի։ Այդպիսով նրանց հայրենիք վերադառնալու հնարավորություն կտանք, այլապես գումար չունենալու դեպքում նրանք կշարունակեն մնալ հետախուզման մեջ, հայրենիք էլ կվերադառնան միայն վաղեմության ժամկետը լրանալուց հետո»,– նշեց Սարգսյանը։
Նա նաև առաջարկեց, որ սահմանային տարիքը 37 տարեկանից դարձնել 45 տարեկան, որպեսզի օրենքից կարողանան օգտվել նաև սպայական կազմի պարտադիր զինծառայությունից խուսափած քաղաքացիները.
ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանն էլ հայտնեց, որ իրենք կողմ են, որպեսզի 10 մլն դրամը կրճատվի, բայց դեմ արտահայտվեց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին առնչվող փոփոխությանը։ Նրա խոսքով, այդ փոփոխությունը կարող է «վախեցնել» բազմաթիվ հավանական վերադարձողներին։
ԱԺ պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովը որոշեց նախագիծը լրամշակել մինչև երկրորդ ընթերցմամբ ընդունելը։
Նախագծով առաջարկվում է 27 տարին լրացած և պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին ընտրել տարբերակներից մեկը.
զինվորական ծառայություն անցնել 24 ամիս ժամկետով,
զինվորական ծառայություն անցնել 12 ամիս ժամկետով և վճարել 2.5 միլիոն դրամ,
զինվորական ծառայություն անցնել 6 ամիս ժամկետով և վճարել 5 մլն դր.,
զինվորական ծառայություն անցնել 1 ամիս ժամկետով և վճարել 10 մլն դր.,
զինվորական ծառայություն չանցնել և վճարել 15 մլն դրամ։