Արցախի՝ արդեն 200 օր շարունակվող շրջափակման մասին ահազանգելու նպատակով հունիսի 28-ին՝ ժամը 20։00-ին, Փարիզի «Գավո» հայտնի համերգասրահում կկայանա մշակութային եզակի երեկո «Հայաստանը՝ կյանքի ճանապարհ» (Arménie, la route de la vie) խորագրով․ տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության, Արցախի ներկայացուցչության և «Արցախի բարեկամների» խմբի նախաձեռնությամբ կազմակերպվող երեկոյի ընթացքում ֆրանսիացի շուրջ երկու տասնյակ մտավորականներ, գրողներ և արվեստի գործիչներ կդառնան աշխարհից մեկուսացված արցախահայության խոսնակները և կներկայացնեն վերջիններիս ներկայիս առօրյա իրականությունն ու ապրումները՝ նրանց նամակների ընթերցման միջոցով։ Երեկոյի ընթացքում կհնչեն երաժշտական կատարումներ հայտնի արվեստագետների կատարմամբ։