… Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնը մեծություններ շատ է տեսել: Նրանք ապրել են խոնարհ՝ ազգին ծառայելով և միևնույն ժամանակ մնալով իրենց արվեստի խենթ նվիրյալը: Իրենքշարունակում են ապրել արվեստով, թեև վաղու՜ց հրաժեշտ են տվել բեմին: Եվ եթե զրուցելիս լինեք նրանց հետ,միշտ կթվա, թե նրանց խոսքում որսում ենք մի պարային շարժում… Այդ զրույցները կարող ես լսել անվերջ:
Այսօր մեր կողքին ապրում է այդ ազնվազարմ տեսակներից մեկը՝ բալետի արտիստուհի Իվետտա Էդվարդի Մուրադյանը, ով անցյալ դարի 50-ական թվականներից մինչև 1974 թվականը, 21 տարի անընդմեջ պարել է Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերային և բալետի թատրոնի բեմում: Սերը դեպի արվեստը ծնվել էր իր հետ: Եվ թատրոնի ու կինոյի արտիստ Էդվարդ Մուրադյանի և բալետի պարուհի Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյան) ընտանիքում ծնվելը պիտի դառնար ա՛յն միջավայրը, ուր ձևավորվեց արվեստագետի նրա՛ տեսակը: Իսկ նրանց մյուս զավակին՝ Դավիթ Մուրադյանին ճակատագիրը թեև չտարավ թատրոնի ու բալետի աշխարհ, բայց նա դարձավ արձակագիր ու կինոգետ ու շարունակում է ծառայել մեր ազգին ու մշակույթին…Արվեստագետներ էին նրանց հորեղբայրները՝ բալետի անվանի արտիստ Զարեհ Մուրադյանը, լուսանկարիչ Տիրան Մուրադյան-Քուպելյանը: Իսկ նրանց տունը եղել է կարծես Վերնատուն, ուր հավաքվել են ժամանակի նշանավոր արվեստագետները, զրուցել մշակույթի, մարդկային ու համամարդկային արժեքների մասին:
Դեռ ամիսներ առաջ ես հարցազրույց վարեցի Իվետտա Մուրադյանի, կամ ինչպես միշտ իրեն դիմել են՝ Իվետտա Էդուարդովնայի հետ: Սակայն որոշեցինք այդ հարցազրույցը հրապարակել այսօր՝ մարտի 31-ին, երբ նա նշում է իր ծննդյան տարեդարձը:
Հարուստ է եղել Իվետտա Մուրադյանի ստեղծագործական կյանքը՝ բազմաթիվ դերեր թատրոնում, շրջագայություններ, որոնք մի առանձին զրույցի նյութ են: Սակայն այս անգամ մենք որոշել էինք բալետի արտիստուհի Իվետտա Մուրադյանի հետ զրույցների միջոցով բացահայտել հայ թատրոնի արտիստ Էդվարդ Մուրադյանի կերպարը, փորձենք հավաքել հուշեր ժամանակի մեր անվանի արվեստագետների մասին, որոնցից շատերը մնացել են սերունդների կողմից մոռացության մեջ:
Մեր հեռախոսազրույցը սկսվում է Էդվարդ Մուրադյանի մասին հիշողություններով: Իսկ հիշողություններ կան, որոնք դուրս են մեծերի ժառանգների հուշերի տիրույթից, դրանք պետք է դառնան նաև ազգի սեփականությունը՝ որպես արժեք, որպես մեր մշակույթի մասնիկ…
-Հարգելի՛ տիկին Իվետտա, Ձեր հայրը հայ թատրոնի ազնվական տեսակներից է եղել՝ մեծագույն ավանդ ունենալով թե՛ թատրոնում, թե՛ մանկավարժության ոլորտում: Ինչպիսի՞ն եք հիշում արվեստի այն մթնոլորտը, որը նա ստեղծում էր թե՛ տանը, թե՛ շրջապատում:
-Դժվար է միանշանակ պատասխանելը: Թե՛ տանը, թե՛ դրսում ինքը շա՜տ-շա՜տ դրական կերպար էր…այնքա՜ն մարդկային ու ազնվական գծեր ուներ հայրս, որ պարզապես բարության մարմնացում էր: Շատ լավ, բարի, էությամբ մաքուր մարդ էր: Ամենալավ բաները կարող եմ ասել պապայիս մասին…Նա բարձր մակարդակով մարդ էր…Իրոք, ազնվական տեսակ էր ինքը…ումի՞ց էր ժառանգել այդ գծերը՝ չգիտեմ: Բայց հաստատ իր ապուպապերից էր գալիս իր այդ տեսակը: Հրա՜շք մարդ էր ինձ համար:
–…Մեզ՝ սերունդներիս համար նույնպես…Թեև այսօր նրա առինքնող կերպարը պատմության էջերից ենք վեր հանում, բայց անգամ դա՛ է բավական, թե ինչպիսի մեծություն է եղել Էդվարդ Մուրադյանը:
-Այո, նա խաղում էր Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնի բեմում՝ հիմնականում գլխավոր դերեր: Ես շատ փոքր էի, երբ նա խաղում էր: Հիշում եմ՝ ինձ մի քանի անգամ տարել է իրենց մոտ՝ թատրոն՝ ներկայացում նայելու: Ես շատ փոքր էի և իր խաղացած կերպարներից քիչ բան եմ հիշում, չեմ հասցրել շատ բան ընկալել: Բայց ընտանիքում տեսել եմ թատրոնի մթնոլորտը… Հետո էլ, երբ թատրոնից դուրս եկավ, սկսեց դասավանդել Թատերական ինստիտուտում: Երկար տարիներ՝ մինչև թոշակի անցնելը դասավանդում էր…
-Ես գիտեմ, որ Ձեր մայրը՝ Հայկանուշ Ասատրյանը (Մուրադյանը) եղել է պարուհի: Արդյո՞ք սա չի եղել այն շարժառիթը, որ Դուք մանկուց ևս երազել եք պարել:
-Այո, մայրս էլ Օպերայի և բալետի թատրոնի պարուհի էր: Ես էլ մեծացա այդ ասպարեզում: Ծնողներս արտիստներ էին, ես էլ էի լցված այդ ոգով ու մթնոլորտով: Ծնողներս ինձ համար գծեցին այդ ճանապարհը, որ ես դառնամ բալետի արտիստուհի: Նրանք ինձ տարան Խորեոգրաֆիկ ուսումնարան: Ավարտեցի, դարձա բալետի պարուհի: Դա է եղել իմ շրջապատը. շրջապատված եմ եղել իմ հարազատներով, ովքեր նույնպես արվեստի աշխարհից էին: Բալետի արտիստ էր հորեղբայրս՝ Զարեհ Մուրադյանը, հորեղբորս կինը՝ Մարիա Սլիզչենկոն, նրանց աղջիկը՝ Ժաննա Մուրադյանը, մորաքրոջս աղջիկը՝ Էմմա Նահապետյանը նույնպես բալետի արտիստուհիներ էին: Իմ աշխարհը և շրջապատն այդպիսին էր: Հորեղբայրս էլ՝ Զարեհ Մուրադյանը պարեց այնքան ժամանակ, մինչև դարձավ բալետմեյստեր:
Ես աշխատեցի 21 տարի և 41 տարեկանում հրաժեշտ տվեցի բեմին ու գնացի թոշակի… Շատ եմ սիրել պարել: Լավագույն դերերն էի պարում, երբեմն էլ՝ կորդեբալետում եմ պարել: Բեմն ինձ համար կուռք էր: Պաշտում էի բեմը:
-Եվ այդ անսահման սերը դեպի բալետը, արվեստը եկել էր Ձեզ՝ Ձեր ծնողներից: Անհնար է պատկերացնել, որ Դուք կարող էիք այլ ուղի ընտրել…
-Այո, իրենցից է եկել: Նման մթնոլորտում մեծանալով՝ պարզ է, որ ես էլ պիտի թատերական ասպարեզում լինեի: Միայն եղբայրս՝ Դավիթ Մուրադյանն է, որ ընտրեց գրականությունը, դարձավ արձակագիր:
-Ես գիտեմ, որ Ձեր մանկության հիշարժան դրվագներից է նաև Ձեր հայրիկի մոտ թատրոն գնալը: Կուզենայի այս մասին խոսեք, ներկայացնեք Ձեր հուշերն ու տպավորությունները:
-Այդ ժամանակ, երբ պապաս էր աշխատում թատրոնում, վառ տպավորություններ չեն մնացել, քանի որ շատ փոքր էի: Հետո, երբ հայրս արդեն թատրոնից դուրս եկավ, սկսեց աշխատել Թատերական ինստիտուտում, կապը կտրվեց թատրոնի հետ: Իսկ մայրս մինչև վերջ աշխատել է թատրոնում, պարել է: Մայրս է պատմել, որ հորեղբայրս Զարեհ Մուրադյանն է հուշել, որ ես դառնամ բալերինա: Այդ ժամանակ շատ փոքր եմ եղել՝ 7-8 տարեկան, ի՞նչ կարող էի որոշել…Նրանք որոշեցին ու ինձ տարան բալետի դպրոց ընդունելու:
Այսպես էր սկսվել Իվետտա Մուրադյանի կյանքի ուղին: Թատրոնը դարձավ նրա սրտի զարկը, ապրելու և արարելու իմաստը: Եվ միայն արվեստի խենթ նվիրյալը կարող է թատրոնն ու արվեստը ամբողջ կյանքում ներսում այնպես կրել, որ իր զգացմունքները այսպիսի խոսքերով փոխանցի զրուցակցին:
-…Թոշակի անցնելուց հետո երկար ժամանակ թատրոնի հետ կապը պահում էի: Բայց հետո արդեն հանգամանքներն այնպես դասավորվեցին, որ չկարողացա գնալ թատրոն, և այսօր արդեն կապը խզվել է:
Ժամանակ կար, որ չէի կարողանում հաճախ գնալ՝ կապված տարիքի, առողջական որոշակի խնդիրների հետ:
Հետո նույնիսկ պահ էր լինում, որ չէի ուզում գնալ, քանի որ բալետը, թատրոնի բեմը ինձ համար ուրի՜շ աշխարհ է եղել, և ես ակամա հուզվում էի, երբ իմ ներկայությամբ խոսում էին բալետից, թատրոնից…Քաղաքում, երբ ավտոբուսով որևէ տեղ էի գնում, ես այդ շենքին չէի կարողանում նայել: Աչքերս փակում էի, որ չտեսնեմ, որովհետև ազդվում, հուզվում էի, որ ես այնտեղ աշխատել եմ… Շատ զգացմունքային եմ: Դրա համար չէի կարողանում հանգիստ խոսել այդ մասին…Նույնիսկ, երբ հեռուստատեսությամբ բալետային ներկայացումներ էին ցույց տալիս, անգամ չէի ուզում նայել…ազդվում էի…Միշտ շատ զգացմունքային եմ եղել: Այդպիսին էլ կամ մինչև այսօր:
Հուշ-մասունքներ՝ անցյալից
Իվետտա Մուրադյանի եղբորորդին՝ դերասան, պրոդյուսեր Արմեն Մուրադյանը ինձ է տրամադրել մասունքի արժեք ունեցող, գրի առնված պատմություններ, թե ինչպես են միմյանց հետ մտերիմ ընկերներ եղել Մեծն Վահրամ Փափազյանը և Էդվարդ Մուրադյանը: Երկու մեծեր. մեկն աշխատում էր Սունդուկյան թատրոնում, մյուսը՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Թատրոնում չէին հանդիպում, բայց գիտեին միմյանց արժեքը: Նրանց թերևս միավորում էր արևմտահայի արյան կանչը…Ու այդ անխախտ ընկերությունը շարունակվել է մինչև երկու հրաշալի արտիստների կյանքի վերջը: Այս մասին Իվետտա Մուրադյանը պատմում է.
-Երբ ես նոր էի ծնվել, մինչև Խորեոգրաֆիկ ուսումնարան ընդունվելը այդ տարիներին մեր տունը, հայրիկիս՝ արտիստ Էդվարդ Մուրադյանի մոտ շատ անգամներ այցելության է եկել հանճարեղ արտիստ Վահրամ Փափազյանը և մայրս՝ պարուհի Հայկանուշ Ասատրյանը մեծ հարգանքով ու հյուրասիրությամբ է ընդունել նրան: Ես այդ այցելությունները չեմ հիշում, շատ փոքր եմ եղել, բայց հետագայում ծնողներս շատ են պատմել այդ մասին: Երևանում 1960-ական թվականների վերջին, մի անգամ, ամառային մի օր գնում էի օպերայի և բալետի թատրոնից դեպի տուն: Այդ օրը իմ հետ էր աղջիկս՝ Գոհար Մսրյանը:
Կիևյան փողոցում մտանք խանութ, մի քանի րոպե անց դուրս եկանք և շարունակեցինք ճանապարհը դեպի կանգառ, այդ պահին տեսա, որ դեպի մեզ է գալիս դանդաղ քայլերով Վահրամ Փափազյանը: Ես ակամայից ժպտացի նրան, նա էլ տեսնելով իմ ժպիտը, հետաքրքրությամբ նայեց ինձ՝ կանգնելով: Ես տեսնելով, որ Փափազյանը կանգնեց, ասացի նրան.
-Բարև Ձեզ, ես Իվետտան եմ, դերասան Էդվարդ Մուրադյանի աղջիկն եմ, իմ հայրը շատ է պատմել Ձեր մասին, երևի կհիշեք իրեն:
Փափազյանը, երբ լսեց հայրիկիս անուն-ազգանունը, ժպտաց և ասաց.
-Ինչպես չեմ հիշում,-և շարունակեց,-դուն Եդվարդին աղջի՞կն ես…
Հանճարեղ արտիստը կյանքում խոսում էր արևմտահայերեն և այդ պատճառով հայրիկիս անվանում էր ոչ թե Էդվարդ, այլ Եդվարդ:
Հետո ժպտալով ասաց.
-Իմ կողմեն Եդվարդին բարևեք:
Տեսնելով աղջկաս՝ Գոհարին, ասաց.
-Դու՞ստրդ է:
Ես նայելով Փափազյանին ասացի.
-Այո:
Զրուցեցինք հայրիկիս մասին, հետաքրքրվեց, հիշեց մայրիկիս պատրաստած ճաշերը: Հետո ես ու աղջիկս՝ Գոհարը հաջողություն ասելով՝ գնացինք…
…Տարիներ անց եղբայրս՝ Դավիթ Մուրադյանը , տվեց ինձ կարդալու Փափազյանի «Հետադարձ հայացք» հիշողությունների գիրքը:
Տարիներ հետո ես կարդացի իմ հայրիկի «Օրերի վարագույրը» վերնագրով, որտեղ նա պատմում էր իր բազմաթիվ հանդիպումներից մեկի մասին՝ Վահրամ Փափազյանի հետ: Իսկ դրանից առաջ ես այդ հուշերից մի հատված լսել էի 1970-ական թվականներին, երբ հայրիկիս հրավիրեցին ռադիո և նա ելույթ ունեցավ:
Վահրամ Փափազյանը մտերիմ էր նաև հորեղբորս՝ Զարեհ Մուրադյանի հետ. երբ ես փոքր եմ եղել, Փափազյանը իր լուսանկարը մակագրել է հորեղբորս ու նվիրել նրան:
Անցան շատ տարիներ այդ հանդիպումից հետո: Ինձ, իմ ամուսնուս՝ օպերային երգիչ Ավետիս Մսրյանին, հորեղբորս՝ բալետի արտիստ, բալետմեյստեր Զարեհ Մուրադյանին հրավիրեցին նկարահանվելու «Հայֆիլմ»-ում՝ «Մսյո Ժակը և ուրիշները» գեղարվեստական ֆիլմում: Այդ ֆիլմում նկարահանվում էր նաև Վահրամ Փափազյանը:
Ընդմիջմանը, նկարահանման տաղավարում նստած զրուցում էինք:
Հրավիրված էր լուսանկարիչ, ով մեզ բոլորիս լուսանկարեց, իսկ մի որոշ ժամանակ անց ստացա այդ լուսանկարը…:
-Հարգելի տիկին Իվետտա, շատ գեղեցիկ ու արժեքավոր են Ձեր հուշերը: Մենք գիտենք, որ Էդվարդ Մուրադյանի տունը եղել է մի իսկական Վերնատուն, ուր հյուրընկալվել են նշանավոր մարդիկ՝ անգամ արտասահմանցի մեծեր: Ի՞նչ կհիշեք այս մասին:
-Մայրիկս ու հայրիկս պատմել են այդ ամենի մասին: Ես շատ փոքր եմ եղել և չեմ հասցրել այդ դրվագներից տպավորվել: Ինչպես արդեն ասացի, հայրիկիս հետ շատ մոտ էր Վահրամ Փափազյանը: Ամեն անգամ նրան հանդիպելիս գալիս, ասում էր.
-Փափազին հանդիպեցի… Փափազի հետ խոսեցի…
Կիևյան փողոցում երբեմն հանդիպում էինք իրար:
-Ձեր հորեղբայրը՝ Տիրան Մուրադյան-Քուպելյանը անվանի լուսանկարիչ է եղել: Եվ Էդվարդ Մուրադյանը հաճախ է գնացել եղբոր արվեստանոց: Հիշու՞մ եք այդ դրվագները:
-Ես, իհարկե, չեմ հիշում այդ դրվագները, քանի որ փոքր եմ եղել: Մայրս էր պատմում, որ հորեղբայրս ուներ լուսանկարչատուն՝ Գնունի փողոցում…Ես էլ եմ այնտեղ շատ նկարվել, զանազան լուսանկարներ ունեմ: Պապայիս հետ էլ ենք գնացել այնտեղ միասին:
Մի այսպիսի դրվագ պատմեմ. հայրս երիտասարդ տարիքում շատ գեղեցիկ տղամարդ է եղել: Ասում էր, որ հաճախ էր գնում լուսանկարչատուն՝ եղբոր մոտ՝ հենց այնպես, այցելության… Բայց, քանի որ այդ ամբողջ մուտքը ապակեպատ է եղել, իր սիլուետը երևացել է պատուհանից այն կողմ…Եվ ահա հայրս պատմում էր.
-Նստած էի, և դրսում անցուդարձ անող աղջիկները, նայում, ժպտում էին, մոտենում էին, ուզում էին ներս գալ, որ իրենք էլ լուսանկարվեն:
Հետո էլ հորեղբայրս սրամտորեն ասում էր.
-Մի քիչ շուտ-շուտ եկ, որ ես հաճախորդ ունենամ, որովհետև այդ աղջիկները քեզ տեսնելու համար են գալիս:
Եվ ինքն էլ էր հումորով ասում, թե ինչքան գնում է լուսանկարչատուն ջահել, գեղեցիկ աղջիկները ծիծաղելով գալիս են նկարվելու… Հայրիկս քայլում էր բարակ ձեռնափայտիկով ինչպես բնորոշ է եղել 19-րդ դարի ազնվականներին, ինչը մի լրացուցիչ հմայք էր հաղորդում նրա առինքնող կերպարին… Այդ ժամանակ մոդա է եղել այդպիսի ձեռնափայտիկով քայլելը: Եվ հայրս շատ գեղեցիկ էր հագնվում, կրում էր ցիլինդր ու բռնում էր այդ ձեռնափայտիկը… Շատ գրավիչ ու գեղեցկադեմ մարդ է եղել:
-Եվ այսօր, երբ նայում ենք Ձեր հայրիկի լուսանկարներին, տեսնում ենք, թե ինչ ազնվական դիմագծերով արտիստ է եղել, թվում է՝ հին դարերից եկած հայ իշխանի մի կերպար, ում կարող էին վրձնել կամ քանդակել անցյալի մեծ արվեստագետները…
-Այո, ինքը շատ արիստոկրատ մարդ էր: Իհարկե, փոքրամարմին էր, բարձրահասակ չէր: Բայց շա՜տ արիստոկրատ տեսք ուներ: Իր շրջապատն էլ այդպիսին է եղել՝ և՛ արտասահմանում, և՛ այստեղ… Հայրս Սիրիայում նույնպես եղել է թատերախմբի արտիստ, այնտեղ էլ է դերեր խաղացել: Շատ հայտնի դերասաններ ու դերասանուհիներ են իրեն ճանաչել: Սովետական Հայաստան գալու ժամանակ այդ արտիստները իրեն հրաժեշտ տալու ժամանակ ասել են, որ շարունակի թատրոնի ուղին. իրենց բարբառով եմ ուզում ասել, քանի որ գեղեցիկ է հնչում.
-Եդվարդ, անպայման պիտի աշխատես դերասան մնաս…:
Ցանկացել են, որ Սովետական Հայաստան գալով՝ շարունակի իր աշխատանքը թատրոնի բեմում: Այդպես էլ եղավ: Եկավ Սովետական Հայաստան ու սկսեց աշխատել թատրոնում: Եվ հայրս պատմում էր, որ 1921 թվին իրեն ընդունեցին Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ դերասան: Աշխատեց շատ երկար տարիներ… Ուղարկեցին թոշակի, որից հետո սկսեց դասավանդել Թատերական ինստիտուտում:
-Մի այսպիսի դրվագ կա. Էդվարդ Մուրադյանը եղել է փայտագործ Նաղաշյանի տանը…և պարտեզում Էդվարդ Մուրադյանի գլխին ծիրան է ընկել: Ինչպիսի՞ն եք հիշում այդ դրվագը…
-Մենք ընտանիքներով մոտիկ էինք այդ լավ և տաղանդավոր մարդու և նրա ընտանիքի հետ: Ես էլ այդ ժամանակ փոքր աղջիկ էի: Գնում-գալիս էինք իրար տուն: Ընտանիքներով հետաքրքիր երեկոներ, տոնական օրեր էինք անցկացնում: Այդ ժամանակ Նաղաշյանները շքեղ, մասնավոր տուն ունեին: Նա արվեստագետ մարդ էր՝
փորագրիչ:
Այդ պահը տպավորվել է հիշում եմ, որովհետև դրսում էինք ծիրանի ծառ էր և տակ սեղան կար դրված…և հանկարծ հայրիկիս գլխին ծիրան ընկավ: Պարզ է, որ այդ պահին չգիտեր, թե պիտի ծիրան ընկնի իր գլխին: Վեր թռավ, վախեցավ: Բոլորս ծիծաղեցինք, որ հասած ծիրանը հենց հատկապես հայրիկիս գլխին պիտի ընկներ: Այս դեպքը շատ լավ է տպավորվել: Հրաշալի մարդիկ էին: Միշտ հրավիրվում էինք այդ ընտանիքի հարկի տակ:
-Հարգելի տիկին Իվետտա, Ձեր հայրիկը իր կերպարով արվեստի մթնոլորտ ստեղծող մարդ է եղել: Եվ նկարիչ Էդվարդ Սարգսյանը նրան ընդունում էր որպես հարազատ: Կուզեի այս երկու արվեստագետների ընկերության մասին պատմեք:
-Էդվարդ Սարգսյանին էլ շատ լավ եմ հիշում… Հիշում եմ Էդվարդ Սարգսյանին էլ, իր մորն էլ՝ Քարմիլեյին:
Էդվարդ Սարգսյանը շատ հետաքրքիր մարդ էր: Նա այդպես էլ չամուսնացավ: Մոր հետ էր ապրում: Բայց ծնողներս հաճախ էին գնում իրենց տուն: Իրար հետ շատ մտերիմ էին: Եվ նույնիսկ այս պահին էլ զրուցելիս նայում եմ Էդվարդ Սարգսյանի նկարին, որն իմ տանն է կախված եղրևանիների փունջ է՝ ծաղկամանի մեջ: Ամեն պահի նայում եմ ու հիանում:
Էդվարդ Սարգսյանի քույրը (Ալիսա էր անունը) տարիներ առաջ` մի օր եկավ մեր տուն և այս նկարը բերեց:
Կար ժամանակ, որ եղբոր մահից հետո բոլոր նկարները վաճառում էր: Մենք էլ՝ ես և ամուսինս մի օր գնացել էինք իրեն հյուր. այս նկարը, որ տեսանք, ամուսինս շատ հավանեց, գովեց, թե ի՜նչ գեղեցիկ գործ է: Այն ժամանակ քույրը լսեց, որ մեզ այս նկարը դուր է գալիս, բայց մտքով չանցավ նվիրել: Նա ուզում էր վաճառել այդ նկարները, որպեսզի ապրի…կյանքի դժվարին վիճակում էր, գումար էր պետք: Արդեն չկար Էդվարդ Սարգսյանը, մեծ քույրը ևս մահացել էր, միայն ինքն էր մնացել…ուզում էր վաճառել, ինչ հնարավոր է: Այդպես ես ու ամուսինս թողեցինք, եկանք տուն:
Ոչինչ չասաց և ահա տարիներ առաջ՝ օրերից մի օր Էդվարդ Սարգսյանի քույրը եկավ մեր տուն ու այս նկարը հետը բերեց: Չէր մոռացել, որը մենք դա շատ էինք հավանել եկավ, ասաց.
-Երբ դուք ժամանակին եկաք մեր տուն, այս նկարը շատ հավանեցիք: Եվ ես շատ եմ ափսոփում, որ այն ժամանակ այս նկարը չտվեցի Ձեզ:
Այդ ժամանակ ամուսինս՝ Ավետիս Մսրյանն էլ արդեն մահացել էր: Նա ասաց.
– Շատ եմ ափսոսում, որ այն ժամանակ չնվիրեցի: Հիմա եկել եմ մեղքս քավելու: Բերել եմ, որ նվիրեմ քեզ, թեկուզ Ավետիսն այլևս մեզ հետ չէ…որոշել եմ այն նվիրեմ քեզ, քանի որ Ավետիսն էլ էր շատ հավանել:
Բերեց…և ինքն էլ եկել էր իր ազգականի հետ, անմիջապես որոշեցի տեղը, թե որտեղ պիտի կախել: Բերեցինք, աստիճան բարձրացան, նկարը կախեցին… Մինչ այսօր էլ նույն տեղում է. դա Էդվարդ Սարգսյանի միակ նկարն է ՝ իմ տան մեջ: Իհարկե, շատ գործեր ուներ, որոնք, ինչպես ասացի, վաճառեցին, մի մասը ազգականներին նվիրեցին:
Ամեն օր նայում եմ ու հիանում: Հիանալի մարդ էր… Հրաշալի մայր ուներ՝ հյուրասեր, հոյակապ կին, միշտ իրար հետ նստել ենք, սուրճ ենք խմել: Ես միայն լավն եմ հիշում. երեխա էի, ծնողներս էլ միշտ ուր գնում, ինձ տանում էին:
-Երվանդ Ղազանչյանը մահվանից առաջ Ձեր եղբորորդուն՝ Արմեն Մուրադյանին ասել է, որ Էդվարդ Մուրադյանի նման մարդ երբևէ չի տեսել: Մեր անվանի արվեստագետները Ձեզ ի՞նչ են պատմել Էդվարդ Մուրադյանի մասին:
-Այո…Պապաս հոյակապ մարդ էր…Բարի անձնավորություն: Մաքուր սրտով, զուլալ մարդ էր…Ազնվության մարմնացում էր…Նրա նման մարդ ես էլ չեմ տեսել…
Լսում եմ Իվետտա Մուրադյանին, և ասես աչքիս առաջ հառնում է ազնվական արվեստագետի կերպարը…և ինչպե՜ս է նա հայրիկի մասին խոսելիս երբեմն ասում ոչ թե «հայրս», այլ ՝ «պապաս»…Դրանում այնքա՜ն սեր ու ջերմություն կա…Միաժամանակ զգում ես, թե որքան պարզ պետք է լինի մարդ, որ իր մեծության բարձունքից հենց այդպես խոսի քեզ հետ, ինչպես Իվետտա Մուրադյանը:
Իվետտա Մուրադյանի կյանքը արվեստին ու բեմին նվիրումի տարեգրություն է: Եվ ուրիշ կերպ չէր էլ կարող ապրել արվեստի նվիրյալների ընտանիքում ծնված ու մեծացած ազնվական հոգու տեր Հայուհին…Նա այսօր դարձավ 91 տարեկան: Եվ նրա այս խոսքերը ասես ավելի են ընդհանրացնում ազնվափայլ արվեստագետի կերպարը.
– Ապրել եմ արվեստով: Մինչև վերջ եղել եմ արվեստի մեջ: Խենթի պես սիրել եմ բալետը: Ինձ համար դրանից այն կողմ ոչինչ չկար…Բալետ, բալետ, բալետ…Աշխատել եմ սիրով…
…Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում Իվետտա Էդուարդովնան աշխատեց 21 տարի: Անգամ եղել է մի փոքրիկ շրջափուլ, երբ նա աշխատել է իր մայրիկի՝ Հայկանուշ Ասատրյանի (Մուրադյանի) հետ միասին՝ նույն բեմում: Հենց այստեղ՝ թատրոնում էլ նա հանդիպեց իր ապագա ամուսնուն՝ օպերային երգիչ Ավետիս Մսրյանին, և միասին հիմնեցին ամուր ընտանիք՝ արվեստի մթնոլորտով առլեցուն: Եվ իր կյանքի այդ դրվագի մասին Իվետտա Մուրադյանն ասում է.
– Իմ ամուսնուն էլ այնտեղ հանդիպեցի: Ամուսինս երգիչ էր երգչախմբում: Այնտեղ իրար համակրեցինք, ամուսնացանք: Ունեմ մի աղջիկ՝ Գոհար Մսրյանը: Ամուսինս արդեն քսան տարուց ավել է, ինչ մեզ հետ չէ: Հիմա ես ու աղջիկս ենք: Ապրում ենք միասին:
Մի դրվագ էլ կա, որ արժանի է հիշատակել, ընթերցողին փոխանցել. երբ պետք է Իվետտա Մուրադյանը թոշակի անցներ, մեր մյուս մեծությունը՝ Վիլեն Գալստյանը նրան ասել էր, որ չի ուզում իրեն ազատել աշխատանքից, ուզում է, որ ևս մեկ տարի մնա: Եվ ահա մեկ տարին լրանալու ժամանակ Վիլեն Գալստյանը Իվետտա Մուրադյանի թոշակի գնալու և աշխատանքից ազատվելու առթիվ ոչ թե դիմում է գրել տալիս, կամ պաշտոնական որոշում ընդունում, այլ գրում է բառացիորեն ցավակցագիր, որ այլևս բեմում չեն տեսնելու արվեստի նվիրյալին, ազնվական հոգու տեր պարուհուն: Մի՞թե սա արվեստագետի մեծության վկայությունը չէ, թե ինչպես են իրար գնահատել ճշմարիտ արվեստագետները:
…Համացանցում կա մի տարիների վաղեմության մի գեղեցիկ տեսանյութ, որտեղ Ավետիս Մսրյանն է, Իվետտա Մուրադյանը, Դավիթ Մուրադյանը, ազգականներ…Նրանք վերադառնում են ընտանեկան միջոցառումից՝ ազգականներից մեկի Մկրտության արարողությունից…և տանը՝ արվեստով պարուրված մթնոլորտում օպերային երգիչ Ավետիս Մսրյանն ու Իվետտա Մուրադյանը կատարում են տարբեր ստեղծագործություններ՝ ժողովրդական երգերից մինչև ռոմանսներ՝ Գաբրիել Երանյանի «Կիլիկիա»-ից մինչև Ռոմանոս Մելիքյանի «Վարդը»…Եվ կատարում են այնպես միմյանց ներդաշնակորեն լրացնելով, ասես, մի պահ արդեն մոռանում ենք, որ Իվետտա Մուրադյանը բալետի պարուհի է եղել: Մտածում ես, որ, եթե նա չընտրեր բալետի աշխարհը, դարձյալ լինելու էր արվեստում՝ որպես երգչուհի: Այս մթնոլորտում էլ ապրեց, արվեստին նվիրվեց ու իր գեղեցիկ ընտանիքը կառուցեց այսօր մեր կողքին ապրող ազնվափայլ արվեստագետը՝ բալետի խենթ նվիրյալը՝ Իվետտա Մուրադյանը, ում հետ զրուցելը այսօր մեծագույն պարգև է մեզ՝ անկախության սերնդի համար: Եվ Իվետտա Մուրադյանի և նրա ընտանիքի կերպարը մեկ անգամ ևս հաստատում է Ավետիք Իսահակյանի այս խոսքերի ճշմարտությունը.
-Գեղարվեստը մեր ներաշխարհի կատարելությունների դրսևորումն է:
Բոլորիս խոնարհումը Ձեր անցած ճանապարհին, սիրելի տիկին Իվետտա: Մենք երջանիկ սերունդ ենք, որ Ձեր ժամանակակիցն ենք: Ի սրտե շնորհավորում ենք Ձեր տարեդարձը: Ապրեք երկար ու շարունակեք Ձեր ներսում ապրող արվեստով ողողել մեր իրականությունը, մեր կյանքը…
Պատրաստեց ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ
Հայաստանի Ժուռնալիստների միության անդամ
Հայագիտության և մշակույթի ոլորտի լրագրող








