Զավեշտալի է, որ ԸՕ-ի վերաբերյալ լսումներ ծավալվում են մի խորհրդարանում, որը ձևավորվել է ոչ թե ընտրությունների, այլ իշխանազավթման հետևանքով։ Առավել զավեշտալի է, որ լսումները կազմակերպված են ԱԺ անունը կրող մի մարմնում, որը բացարձակապես չի համապատասխանում ոչ միայն ժողովրդավարական պահանջներին, այլ անգամ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին, Ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ասաց հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։
«Այստեղ պատգամավորի կարգավիճակ ստացած գործիչներն իրականացրել են այնպիսի ենթադրյալ հանցագործություններ, որ, կարծում եմ, նրանցից շատերը պետք էնստած լինեին ոչ թե ԱԺ դահլիճում, այլ ՔԿՀ-ներում։
Այս ԸՕ-ի հիմնական, առանցքային հարցը վերաբերում է արտակարգ դրության կամ ռազմական դրության պայմաններում ընտրական գործընթացին։ Բերեմ օրինակ. ժամը 20։00-ն է, ընտրություններն ավարտվել են, մինչև 00։00-ն ունենում ենք ընտրությունների նախնական պատկերը, և իշխող ՔՊ-ն, առանց որևէ պատճառաբանության, հայտարարում է արտակարգ դրություն, և ընտրությունների արդյունքները չեղարկվում են։
Կանե՞ն նրանք այդպիսի բան, թե ոչ. ենթադրել պետք չէ, պետք է նայել փաստերին։ 2020 թվականին նշանակված էր հանրաքվե, և այդ հանրաքվեի քարոզարշավը մեկնարկել էր՝ անձամբ իրականացնելով «պինցետով, քաշած արաղով, օտար անձնագրերով մարդկանց կոշիկները լիզելու պատկերացումներով, մեկ այլ ընտրական գործընթացներում ինքնակոչ կերպով իրեն չոբանի շուն հռչակած Նիկոլ Փաշինյանի կողմից»։
Սրանք արդեն իրականացրել են արտակարգ իրավիճակ՝ սահմանելով ընտրական գործընթացի տապալում՝ իրենց ցանկալի արդյունքն ստանալու համար»,- ասաց Էդգար Ղազարյանը։
Լսումները վարող ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը վերջինիս հորդորեց զերծ մնալ անձնական վիրավորանքներից և անջատեց Ղազարյանի խոսափողը։