Ես միշտ ասել եմ, որ դա խիստ մտահոգիչ է, բայց այսօր մենք վիճակագրությունը կրկին ներկայացրինք և տեսանք, որ ամենաշատ մահերը, որոշ տարիների անգամ 30 և ավել, գրանցվել են 2014-2016 թվականների ընթացքում։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը՝ անդրադառնալով ՔԿՀ-ներում այս տարի գրանցվա 23 մահվան դեպքերին։
«Սա ամենևին ինչ-որ փաստարկ չէ, որը միտված է ասելու, թե մահերը քիչ են։ Ո՛չ, մահերը շատ են, և մահերը ունեն տարբեր պատճառներ. դրանցից ութը ինքնասպանություններ են՝ հիմնական մասը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունեցող անձանց կողմից։ Ութը տեղի է ունեցել քաղաքացիական հիվանդանոցներում, այսինքն՝ առողջության, առողջական վիճակի վատթարացման հետևանքով նրանք տեղափոխվել են համապատասխան բուժհաստատություններ, սակայն նրանց կյանքը հնարավոր չի եղել փրկել։ Իսկ մյուս մասի հետ կապված էլ հիմնականում կամ առավելապես կապված են եղել առողջական որոշակի խնդիրների հետ»,–ասաց նա։
Ըստ Սրբուհի Գալյանի՝ այսօր ԱԺ–ում քննարկել են կառավարության այն որոշման փոփոխությունների կատարումը արագացնելու հարցը, որը սահմանվում է պատժի կրման և կալանքի կրման հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկը։
«Մենք դա փոփոխում ենք, ու առողջապահության նախարարության գործընկերների հետ բավականին մեծ աշխատանք արդեն արել ենք այն հանձնաժողովների ձևավորման փոփոխության մասով, որոնք ոլորտում գործ ունեն։ Փորձելու ենք այնպիսի մոտեցում ունենալ, որպեսզի այն դեպքերում, երբ առանձին հիվանդությունները չեն հատում այն շեմը, որոնք համապատասխանում են կոնկրետ ցանկում նշված հիվանդությանը, հնարավոր լինի գնահատել նաև հիվանդությունների համակցությունը, որպեսզի այդ համակցության առկայության դեպքում անձինք կարողանան հավակնել չկրել պատիժը կամ խափանման միջոցները»,–ասաց նախարարը։
Դիտարկմանը, որ ՔԿՀ-ներում մահվան մեկ դեպքով և ինքնասպանության երկու դեպքերով անձինք ունեցել են առողջական խնդիրներ, բարձրաձայնել են այդ մասին, ահազանգել, սակայն պատշաճ բուժօգնություն չի ցուցաբերվել, Սրբուհի Գալյանն ՝ որքանով իրեն է զեկուցվում, և ինքը խնդիր չունի մտածելու, որ զեկուցվում է սխալ, յուրաքանչյուր կոնկրետ դեպքի պարագայում առողջապահության նախարարության գործընկերները շատ հրատապ արձագանքում են։
«Եվ նման իրավիճակներ չենք ունենում, որ մեր գործընկերները հապաղեն բժշկական օգնություն ցուցաբերելիս։ Մենք այդտեղ երկու գերատեսչությամբ ենք հսկողությունը իրականացնում և շատ լավ համագործակցություն ունենք արագ արձագանքի ձևավորման համատեքստում»,- նշեց նախարարը։





