Պետք է սկսել նախարարից. համակարգի ղեկավարը նախարարն է, Azg.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը՝ անդրադառնալով ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում այսօր առավոտյան գրանցված հերթական ինքնասպանության դեպքին։
«Քանի որ առնչվում եմ քրեակատարողական հիմնարկների հետ և այցելություններ էի կատարում, ինքս նկատել էի, որ «Արթիկ» ՔԿՀ-ն շատ անմխիթար վիճակում է հայտնվել։ Դատապարտյալների առողջական խնդիրների, հացադուլների առնչությամբ անթիվ-անհամար զանգեր եմ ստանում։ Շատերն էլ պարզապես չեն կարողանում տեղյակ պահել իրենց վիճակի մասին, պատահաբար ես այս կամ այն դատապարտյալի մասին տեղեկություններ իմանում։
Բացի այդ՝ ՔԿՀ-ներում այսպես ասած գողական աշխարհի բարքերը… Նկատել էի, որ այնտեղ վիճակը վատթարացել է, և դա համակարգային խնդիր է։ Հարց է՝ որքա՞ն մեծ է այդքան հաճախ փոխվող նախարարների քաղաքական կամքը, որպեսզի փոխեն առկա իրավիճակը։ Մյուս կողմից՝ արդյոք դատապարտյալներին, կալանավորներին ՔԿՀ-ներում մարդու տեղ առհասարակ դնում են։ Իսկ նորանշանակ նախարարից ես դեռ մեկ բառ չեմ լսել, թե ինչ է մտածում ՔԿՀ-ների մասին և ինչ միջոցներ է ձեռնարկում»,- ասաց Ժաննա Ալեքսանյանը։
Ըստ իրավապաշտպանի՝ ՔԿՀ-ներում տեղի ունեցող արատավոր շատ դեպքեր ուղղակի չեն բացահայտվում, միայն որոշակի վիճակագրություն է հանրայնացվում, բայց թե ինչ քայլեր են ձեռնարկվում համապատասխան օղակների կողմից՝ կանխելու այդ իրավիճակը, հայտնի չէ։
«Ոչինչ էլ երևի չեն անում։ Կարծում եմ՝ նախարարին պետք է պահանջներ ներկայացվեն։ Քրեակատարողական ծառայության նորանշանակ պետ Ծովինար Թադևոսյանը դեռ նոր է եկել, նա այս ընթացքում շատ բան չէր հասցնի փոխել։ Նա արդեն այս վիճակով է եկել, իսկ սա շատ բարդ համակարգ է և հատուկ ուշադրության կարիք ունի։
Ես համարում եմ, որ առհասարակ ուշադրություն չի դարձվում քրեակատարողական հիմնարկների վրա։ Երբ խոսում եմ դատապարտյալների, կալանավորների հետ, հենց դա եմ զգում։ Էլ չեմ ասում, որ պետության ղեկավարն ընդհանրապես չի հիշում, որ մեր երկրում նման համակարգ գոյություն ունի։
Իսկ մարդիկ հենց այնպես ինքնասպանություն չեն գործում։ Նրանց հասցնում են այդ քայլին։ Ի՞նչ է տեղի ունենում ներսում։ Ես խոսում եմ նաև ՔԿՀ-ներիաշխատակիցների հետ, և նրանք ինձ, օրինակ, այսպիսի պատասխան են տալիս՝ «Թող հանցագործություն չաներ»։ Սա րդեն կանխակալ վերաբերմունք է, չէ՞, դա մտածողություն է, հոգեբանություն է»,- ամփոփեց Ժաննա Ալեքսանյանը։
Հիշեցնենք, որ ըստ 168.am-ի՝ հերթական ողբերգական դեպքն է գրանցվել ՀՀ արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում: Այսօր առավոտյան կախվելու միջոցով ինքնասպանություն է գործել հերթական ազատազրկված անձը:
Հատկանշական է, որ Ծովինար Թադևոսյանի՝ Քրեակատարողական ծառայության պետ նշանակվելուց ի վեր՝ 2.5 ամսում, սա ինքնասպանության 4-րդ դեպքն է քրեակատարողական հիմնարկներում: Նույն «Արթիկ» ՔԿՀ-ում ինքնասպանության դեպք էր գրանցվել նաև հունվարի 10-ին: