Չորեքշաբթի, 12 Օգոստոս, 2026

Փոքր բիզնես լինելն ինդուլգենցիա չէ ՀԴՄ և հարկ չտալու, սպառողին խաբելու համար. ստանդարտներն ու օրենքները պետք է բոլորի համար լինեն. նախարար

Եթե մեր նպատակն այն է, որ սպառողը պաշտպանված լինի և իմանա, որ կանաչ դարակաշարում դրված է այսինչ մթերքը, կարմիրում՝ այնինչ, և եթե վաճառողը միտումնավոր կամ ոչ միտումնավոր արհեստական թթվասերը դնի մյուս դարակում, ո՞վ է դա ստուգելու։ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ նման հարց հնչեցրեց հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ նշելով, որ ավելի նպատակահարմար է առանձին գույնի պիտակներով տարբերակել՝ որն է բնական ծագման ապրանքատեսակը, որն՝ արհեստական։

Հանձնաժողովի նիստին ներկա Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նկատեց, որ արտադրողն ինքը կարող է կանաչ մակնշում կատարել՝ դրանով իսկ կողմնորոշելով սպառողին, որ իր առաջարկած կաթնամթերքը կովի կաթից է։

«Սպառողի նկատմամբ ազնվությունն ամենամեծ կրեդիտն է։ Եթե միևնույն արտադրողն ունի 4 արտադրանք՝ երկուսը կանաչ, երկուսը՝ նարնջագույն, այդպես էլ պետք է մակնշի»,- ասաց նախարարը։

ՔՊ-ական Հովիկ Աղազարյանն իր հերթին նկատեց, որ արտադրողները ոչ միշտ են ազնվորեն մակնշում ոչ բնական մթերքը, մինչդեռ պետությունը պետք  է նրանց պարտադրի։

Ի պատասխան՝ Գևորգ Պապոյանը նկատեց, որ պարտադիր պայմանները չպահելու, սպառողների իրավունքները չպաշտպանելու համար անգամ փոքր բիզնեսը պետք է  տուգանվի։

«Փոքր լինելը, պարո՛ն Աղազարյան, ինդուլգենցիա չէ ՀԴՄ չտալու, հարկ չտալու, սպառողին խաբելու համար։ Ստանդարտներն ու օրենքները պետք է բոլորի համար լինեն»,- ասաց նա գործընկերոջը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավեստիսյան էլ իր հերթին նախարարին խորհուրդ տվեց հորդորել ՍԱՏՄ-ին ստուգել, թե խոշոր սուպերմարկետներում որքան ժամկետանց կաթնամթերք կա, ինչպես է հին խմբաքանակը թաքցվում հետևի շարքերում։

«Սպառողների շահերը միանշանակ պետք է պաշտպանվեն։ Պարո՛ն Պապոյան, հենց նեղն եք ընկնում, նախորդ 30 տարին եք հիշում, ասում եք՝ նախկիններ-նորեր։ Բայց նորերի և նախկինների խնդիր չկա, ոչ էլ մեխանիզմները հնում ուրիշ ձև էին դիտարկվում, այժմ՝ ուրիշ։ Դուք, բնականաբար, ինձնից վարժ եք մանյովրներում, բայց տեղեր կան, որ մանյովրներն ու պոպուլիզմը չեն կարողանալու հաղթել»,- ասաց նա։