Նիկոլ Փաշինյանի խոսքով՝կառավարությունում, մասնավորապես, փոխվարչապետերի մակարդակով, հրաժարականներ չեն սպասվում։ Այս մասին նա հայտարարեց այսօր լրագրողների հետ զրույցում։
« «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում արշալույսները միշտ խաղաղ են եղել, բայց այս խաղաղությունը երբեք չի եղել ճահճային։ 2013-ից, երբ դեռ «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քաղաքացիական նախաձեռնություն էր, քննարկումները միշտ ընթացել են թեժ բանավեճերի մթնոլորտում»,- ասաց Փաշինյանը։
Ըստ նրա՝ բոլորի, իր հետ ևս, լինում են դեպքեր, երբ անցնում են քաղաքական բանավեճերի սահմանները. նման բոլոր նման դեպքերում սկսվում են կարգապահական գործընթացներ։
Նիկոլ Փաշինյանը միաժամանակ տեղեկացրեց, որ երեկ տեղի է ունեցել կուսակցության վարչության արտահերթ նիստ, հրավիրվել են բոլոր գործընկերները, քննարկումներ են անցկացվել, և եզրակացությունները մնացել են նույնը։
«Խմբակցությունն ապրում է իր բնական կյանքով։ «Քաղաքացիական պայմանագիրն» այն եզակի խմբակցություններից է, որտեղ կան բանավեճեր, մրցակցային միջավայր, և մեր խնդիրն է այդ միջավայրը պահել առողջ քաղաքական տրամաբանության շրջանակում, ինչը և մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը։