Նոյեմբերի 16-ին Պրահայի Սուրբ Հոգի եկեղեցում արցախահայության օգնությանը նվիրված համերգային ծրագրով հանդես եկան Կարլի համալսարանի երգչախումբն ու Տնտեսական բարձրագույն համալսարանի նվագախումբը՝ մաեստրո Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ։
Համերգային ծրագրի սկզբում ներկաներին դիմեց Չեխիայի Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հովիվ Բարսեղ վարդապետ Փիլավչյանը։ Հայր սուրբն անդրադարձավ համերգի նպատակին՝ նշելով, որ աշխարհում այսօր միայն Ուկրաինայում եւ Իսրայելում չի կատարվում մարդկային աղետ, այլեւ Արցախում՝ Լեռնային Ղարաբաղում, որը հայաթափվել է եւ ողջ բնակչությունը՝ 105 հազարից ավելի մարդ տեղափոխվել է Հայաստան։ Հայր Սուրբը նշեց, որ Ադրբեջանը աշխարհի առաջ վայրագություններ է կազմակերպում, անխնա սպանելով ոչ միայն խաղաղ բնակիչներին, այլեւ ոչնչացնելով հայկական մշակութային ժառանգությունը, իսկ աշխարհը լռում է։
Այս համերգը մի փոքր ներդրում է լինելու այդ մարդկանց ցավերը մեղմելու հարցում։
Վերջում Հայր Բարսեղը շնորհակալություն հայտնեց նաեւ երգչախմբի եւ նվագախմբի անդամներին՝ դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ, որ կարողացան իրականություն դարձնել այս նախաձեռնությունը։
Այնուհետեւ Սուրբ Հոգու եկեղեցում իր գործի հմուտ նվիրյալ, դիրիժոր Հայկ Ութիջյանի ղեկավարությամբ հնչեցին Կոմիտասի, Վիլեմ Թաուսքի, Հայդենի Թիվ 92 Համանվագի եւ Te Deumի փառահեղ կատարումները՝ Կարլի համալսարանի երգչախմբի եւ Պրահայի տնտեսական բարձրագույն համալսարանի նվագախմբի կատարմամբ։ Հրաշալի կատարումները խանդավառության ալիք բարձրացրեցին լեփ-լեցուն եկեղեցու սրահում եւ յուրաքանչյուր կատարում ընդունվեց բուռն ծափահարություններով։
Վերջում հանգանակվեց նաեւ արցախահայության համար որոշակի գումար, եղան նվիրատվության այլ խոստումներ։Ինչպես հայտնի է, Արցախի սեպտեմբերյան պարպումից հետո Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինն իր աշխարհասփյուռ թեմերով ապահովում է հայաստանյան տարբեր մարզերում ապաստանած մոտ 20 հազար բռնի տեղահանվածների օրական կարիքները։
«Օրեր», Պրահա