Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ստամբուլյանը հարց ուղղեց Նիկոլ Փաշինյանին՝ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման դեպքում առաջանալու է հացահատիկի խնդիր, ինչը չի կարող չանդրադառնալ Հայաստանի վրա։
«Արցախի 75 տոկոսը հանձնեցիք թշնամուն. Հայտնի է, որ Հայաստանը նաև Արցախից էր հացահատիկ ստանում։ Առարկայական ի՞նչ քայլեր եք ձեռնարկում երկրի սոցիալական վիճակը բարելավելու, խոցելի խմբերին աջակցելու համար»,- հարցրեց պատգամավոր Ստամբուլյանը։
Արցախի մասին լսելով՝ Փաշինյանը հունից դուրս եկավ հունից. «Ես հիմա պաշտոնապես «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցություններից պահանջում եմ, որ իրենց հրապարակային պաշտոնապես դիրքորոշում արտահայտեն՝ ի վերջո, Սանասա՞ր է, թե՞ Կուբաթլի, եւ այդպես շարունակ: Եթե Սանասար է և ոչ Կուբաթլի, ձեր լիդերներն ինչու են 20 տարի բանակցել այդ տարածքները Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ: Դա արվել է հրապարակային, ձեր ընդունած մադրիդյան սկզբունքներում գրվել է՝ 7 շրջանները վերադարձվում են Ադրբեջանին: Հիմա ասեք, այ դավաճաններ, էդ հողերն ինչու եք գնացել, հայրենիքը դրել սակարկությունների վրա, որ հացահատիկի գործ անե՞ք: Ասեք պաշտոնապես: Եթե հաստատեք, որ Սանասար է, ոչ թե Կուբաթլի, ուրեմն պարոն Մինասյանի ասած հայրենիքի դավաճանության հոդվածով ձեր երկու լիդերների նկատմամբ պետք է քրգործ հարուցվի: Եվ այն, ինչ ուզում եք բեմադրել մեր նկատմամբ, պետք է ձեր նկատմամբ արվի: Հերիք է գաք էստեղ կոկորդիլոսի արցուններ թափեք:
Կամ Սյունիքի մասին խոսողները. Տարան, գլուխները կախ ընդունեցին իրենց մեղքը, ներում խնդրեցին եւ 15 մլրդ էլ վճարեցին պետական բյուջե: Էդ դո՞ւք եք խոսում Սյունիքի մասին, այ թալանչիներ»։
Հռիփսիմե Ստամբուլյանն արձագանքեց, որ Փաշինյանը գործադիր է և պարտավոր է պատասխանել ՀՀ քաղաքացու հերցերին, ոչ թե մատ թափ տա։
«Ուրեմն ձեր չափն իմացեք, հերիք եղավ, բոլ եղավ: Թափ կտամ մատ, պետք ըլնի, ուրիշ բան էլ թափ կտամ»,- ասելով՝ ամբիոնը լքեց Փաշինյանը։