Երեքշաբթի, 4 Օգոստոս, 2026

Փակուղի չկա. Ադրբեջանի համար անսպասելի էր մեր առաջարկը՝ ստորագրել համաձայնագիրը. Ալեն Սիմոնյան

Չեմ կարծում, որ փակուղի է. երևի թե մի փոքր անսպասելի էր ադրբեջանական կողմի համար մեր կողմից առաջարկը ստորագրելու և այդ տրամաբանությամբ առաջ շարժվելու առաջարկը: Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք փակուղում է հայ-ադրբեջանական համաձայնագիրը ստորագրելու գործընթացը՝ հաշվի առնելով Բաքվից հնչող արձագանքներն ու նախապայմանները:

«Երևի դրանով պայմանավորված, բայց կարծում եմ, որ այդ կրակոցները, որոնք իրենց մամուլում տեղ են գտել, դրանք կարող են երկկողմ առանձին հետաքննության առիթ հանդիսանալ և այդ ուղղությամբ աշխատանքներ են տարվում, որպեսզի թե այս հրապարակումների, թե հետագայում հնարավոր հրապարակումների հետ կապված որևիցե մեխանիզմ լինի նման բաներից խուսափել»,-ասաց նա:

Հարցին՝ ինչո՞ւ էր Ադրբեջանի համար անակնկալ, որ Հայաստանն առաջարկում է ստորագրել համաձայնագիրը, ԱԺ նախագահը պատասխանեց.

«Ես նույնիսկ այդ տպավորությունը ունեմ անցյալի հետ կապված, որ ադրբեջանական կողմի մոտ տպավորություն է եղել, որ իրենք կարող են ի սկզբանե ինչ-որ բանի համաձայնվել, ;ավ իմանալով, որ հայերը մեկ է՝ չեն համաձայնելու: Դրանով իրենք միջազգային կառույցների, մասնակիցների մոտ լավ տպավորություն են թողել իրենց մասին: Դա գործելաոճ է:

Մեր նպատակը այս պայմանագրի քննարկման մեջ եղել է ինչ-որ արդյունքի հասնելը, այլ ոչ թե խոսակցությունը հավերժ շարունակելը, և ենթադրում եմ, որ երկար այդ նախագիծը այս կողմ, այն կողմ տանելը և հետագայում այդ միակողմանի հայտարարությունը, որ արդեն համաձայնեցված է պայմանագիրը, այդպիսի տպավորություն է թողել ինձ մոտ»: