Ռուսական անօդաչուները հարվածել են Ուկրաինայի կառավարության շենքին։
«Լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց ի վեր առաջին անգամ ռուսները հարվածեցին Նախարարների կաբինետի շենքին, որտեղ աշխատում է մեր ամբողջ թիմը։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Հրդեհը մարվել է։ Շնորհակալություն փրկարարներին։ Ռուսական ահաբեկչությունը չի կանգնեցնի կառավարության աշխատանքը։ Մենք կվերականգնենք ավերածությունները։ Բայց ուկրաինացիների կյանքը չի կարող վերականգնվել։ Այս գիշերվա ընթացքում ռուսական հրետակոծության պատճառով ամբողջ երկրում զոհվել է չորս մարդ, իսկ ավելի քան 44-ը վիրավորվել է։ Ակնհայտ է, որ Ռուսաստանը խաղաղություն չի ուզում», – Ուկրաինայի կառավարության շենքում նկարահանելով, թե ինչ է տեղի ունեցել նախարարների կաբինետի հետ ռուսական անօդաչուների հարձակումից հետո, սոցցանցի իր էջում գրել է Ուկրաինայի վարչապետ Յուլյա Սվիրիդենկոն։
Սվիրիդենկոն կոչ է արել բոլոր ուկրաինացի գործընկերներին և աշխարհի երկրներին Ռուսաստանի Դաշնության գործողություններից իրենց հիասթափությունը վերածել Ուկրաինային արդյունավետ օգնության՝ «ոչ թե կառավարության շենքի, այլ ամբողջ երկրում մեր ժողովրդի պաշտպանության համար»։
«Ժամանակն է գործել։ Ուկրաինային անհրաժեշտ են ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր՝ երկինքը և էներգետիկ ենթակառուցվածքները պաշտպանելու համար, հատկապես հիմա, երբ ձմեռն է մոտենում։
Մեծացրեք պատժամիջոցների ճնշումը Ռուսաստանի վրա՝ ռուսական ռազմական մեքենայի ռեսուրսները կրճատելու համար։ Սա ամբողջությամբ իրական է և կախված է ձեզանից։ Միայն մեր միասնությունն ու ուժեղ արձագանքը կարող են կանգնեցնել Ռուսաստանին և խաղաղություն բերել», – հավելել է Ուկրաինայի վարչապետը։

Տեսանյութը՝ այստեղ