Մասիս համայնքի ղեկավար, ընդդիմության՝ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին Մոսկվայից բերող ինքնաթիռը վայրէջք է կատարել 19։20-ի սահմաններում։
Դավիթ Համբարձումյանին հենց ինքնաթիռի դռան մոտ կալանավորել են։
«Զվարթնոցի» սպասասրահում նրան էին սպասում կինը, 4 անչափահաս զավակները, ծնողները։
Սակայն իրավապահներն անգամ թույլ չեն տվել, որ նա տեսակցի ու հրաժեշտ տա ընտանիքին։
Դավիթ Համբարձումյանը 2025 թվականին կալանավորվում է 2018 թվականի «թավշյա և ոչ բռնի» հեղափոխությանը դիմակայելու, ընդվզելու համար։
Հետաքրքիր է, որ 2018-ից հետո Դավիթ Համբարձումյանն առանց խչընդոտների 7 տարուց ավելի ապրել է Հայաստանում, իր թեկնածությունը դրել՝ որպես Մասիս համայնքի ղեկավար, ընտրվել՝ որպես Մասիս համայնքի ղեկավար ու միայն իմպիչմենթի գործընթացի շրջանակում վարչապետի թեկնածու առաջադրվելուց հետո իշխանությունները հիշեցին նրա «զանցանքները» 2018 թվականի հեղափոխության օրերին, այդ «փաստերը» տվեցին դատաիրավական համակարգին, որպեսզի Դավիթը 6,3 տարով կալանավորվի։
«Թավշյա և ոչ բռնի» հեղափոխություն իրականացրած իշխանությունն այսպես է ուզում չեզոքացնել ընդդիմության՝ վարչեպտի թեկնածուին ու նրան հանել քաղաքական պայքարից։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին Երևանի քրեական դատարանը (դատավոր Ժորա Չիչոյան) հրապարակեց դատավճիռ, որով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանին դատապարտեց 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման:
Վերացվել է գրավը, որպես խափանման միջոց` կիրառել է կալանքը:
Ըստ մեղադրանքի՝ Դավիթ Համբարձումյանը Նիկոլ Փաշինյանի գլխավորած «թավշյա հեղափոխության» օրերին՝ 2018թ․ ապրիլի 22-ին, Արարատի մարզի Հայանիստ-Հովտաշատ գյուղերի խաչմերուկում մի խումբ անձանց հետ դիտավորյալ խախտել է հասարակական կարգը։
Նույն օրը՝ ժամը 19։00-ի սահմաններում, Հանրապետության հրապարակում կայանալիք հանրահավաքին մասնակցելու նպատակով դեպի նշված հրապարակ երթ կազմակերպած մասնակիցների նկատմամբ նախապես իրենց հետ վերցված զենքի և որպես զենք հանդիսացող առարկաների գործադրմամբ բռնություն գործադրելով և գույքը ոչնչացնելով։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ այս դեպքերից հետո՝ 2018-ի նոյեմբերի 1-ին, Հայաստանում համաներման մասին օրենք է ընդունվել, համաձայն որի՝ համաներում կիրառելով՝ պատժից ազատվում են օրենքի ուժի մեջ մտնելու դրությամբ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված երեք կամ ավելի անչափահաս երեխա ունեցող անձինք։
Իսկ Դավիթ Համբարձումյանը 4 անչափահաս երեխա ունի։
Եթե դատարանը նրա նկատմամբ պատիժ նշանակեր ոչ թե 6 տարի 3 ամիս, այլ մինչև 6 տարի ժամկետով ազատազրկումը, ապա նա համաներմամբ կազատվեր պատժից։







