Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Վրաստանում անցկացված ընտրությունների արդյունքները ճանաչվել են, և այդ թեմայով բոլոր շահարկումներն անհիմն են

ԵԱՀԿ առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարի նամակը Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիին առաջիկա համագործակցության մասին վկայում է այն մասին, որ երկրում անցկացված խորհրդարանական ընտրությունների արդյունքները ճանաչվել են, և այդ թեմայով բոլոր շահարկումներն անհիմն են. հայտարարել է  Վրաստանի վարչապետ  Իրակլի Կոբախիձեն։

Ինչպես գրում է «Սպուտնիկ Վրաստան»-ը, հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով խորհրդարանական 150 մանդատներից 89-ը։ Խորհրդարան մտած չորս ընդդիմադիր ուժերը, նրանց աջակցող Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին և ոչ կառավարական կազմակերպություններն ընտրությունները համարեցին  «լիակատար կեղծիք» և հրաժարվեցին ճանաչել ԿԸՀ հայտարարած արդյունքները։

«Հատկապես ուրախալի է, որ այս հարձակումների ֆոնին (ընդդիմությունից մինչև ԵԱՀԿ) այսօր ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար Պասկալ Ալիզարը դիմել է արտգործնախարար Մակա Բոչորիշվիլիին հետևյալ բովանդակությամբ նամակով՝  ես ձեզ գրում եմ մեր հետագա համագործակցության համար»,- ասել է Կոբախիձեն։

Նրա խոսքով՝ ընդդիմությունը սկսել է հարձակումներ գործել ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) վրա դեռևս ընտրություններից առաջ և շարունակում է նույնն անել  ընտրություններից հետո։