Վրաստանում անհայտ անձինք կարմիր ներկ են լցրել Գորիի շրջանում տեղադրված Իոսիֆ Ստալինի նոր հուշարձանի վրա։ Այս մասին հայտնում է Sputnik Գրուզիան և հրապարակում սոցցանցերի վանդալիզմի ակտի ապացույցները:
Դեպքը տեղի է ունեցել փետրվարի 19-ի գիշերը։ Սոցցանցերում նշվում է, որ ակցիայի հետևում կանգնած են քաղաքացիական ակտիվիստներ, ովքեր այս կերպ բողոքում են հուշարձանի տեղադրման դեմ։
Արձանը օրեր առաջ հայտնվել էր Վարիանի գյուղի մասնավոր տարածքում։ Բնակիչները ծրագրել էին հուշարձանի շուրջ այգի կառուցել։ Միաժամանակ, հայտնի չէ, թե արդյոք նրանք ստացել են պաշտոնական թույլտվություն իշխանություններից։ Դրա բացակայության դեպքում հուշարձանը ենթակա է ապամոնտաժման։