Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ հայց է ներկայացրել երկրի Սահմանադրական դատարան. ճեպազրույցում հայտարարել է պետության ղեկավարի խորհրդարանական քարտուղար Գեորգի Մսխիլաձեն. գրում է ՏԱՍՍ-ը։
«Առաջին անգամ Վրաստանի նախագահը հայց է ներկայացնում Վրաստանի Սահմանադրական դատարան։ Հայցը վերաբերում է օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքին:
Այսպես կոչված ՌԴ օրենքը չի համապատասխանում Վրաստանի Սահմանադրությանը. ասել է նա։
Մսխիլաձեն հավելել է, որ նախագահը վիճարկում է օրենքի մի քանի նորմեր և որոշ հոդվածներ։
Նրա խոսքով՝ օրենքը հակասում է Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածին, ըստ որի՝ իշխանության բոլոր թեւերը իրենց իրավասությունների շրջանակում պետք է ամեն ինչ անեն հանրապետությունը Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին ինտեգրելու համար։ Գործով մեղադրյալը լինելու է խորհրդարանը.
Օրենքը կտարածվի հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների վրա, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։
Յուրաքանչյուր տարվա հունվարին նրանցից պահանջվելու է Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում նրանց սպառնում է 25 հազար լարի (ավելի քան 9,1 հազար դոլար) տուգանք։ Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (ավելի քան 7,3 հազար դոլար):