Այդ նախագծի հեղինակը շատ լավ գիտի, որ ոչ միայն ես, այլև մեր հանձնաժողովի անդամները այդքան էլ հաշտ չենք այդ որոշման հետ, և մենք գիտենք, որ կարելի էր շատ ավելի արդյունավետ և ճիշտ լուծում գտնել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը՝ անդրադառնալով «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությանը, որով «Շողակաթը» զրկվում է եթերից։
«Սակայն ես մի ուրիշ բան ասեմ. մենք շատ ժամանակ մոռանում ենք, որ 2020 թվականի նոր օրենքի համաձայն՝ «Շողակաթը» ոչ թե հոգևոր-մշակութային հեռուստածրագիր էր, այն կրթական-մշակութային էր: Հոգևոր-կրոնական հաղորդումներ կրթական-մշակութային ալիքում չպիտի լինեն, հասկանո՞ւմ եք, որովհետև կրթությունը և մշակույթը շատ ժամանակ կրոնի, կղերական մոտեցման հետ որևէ կապ չպիտի ունենան, բայց մեր հասարակությունը, մենք՝ բոլորս, դրա վրա ուշադրություն չդարձրինք: Չձևափոխվեց նաև «Շողակաթ» հեռուստաընկերությունը»,- ասաց Հակոբյանը:
ՀՌՀ նախագահի խոսքով՝ իրենք այդ մասին հարցումներ արել էին Հանրային հեռարձակողների խորհրդին. «Հասարակությունը, մամուլը խառնվում է ինչ-որ դեպքերի մեջ, երբ այդ թնջուկը լուծում է ստանում՝ անկախ նրանից՝ ճիշտ թե սխալ: Կարծում եմ՝ եթե «Շողակաթը» կատարեր իր առաքելությունը և իր օրենսդրական պարտավորությունները, մենք սրան չէինք հասնի: Ես կարծում եմ՝ չի կարելի նույնիսկ հոգևոր կոչվող ալիքում և՛ Աստծո առաքելությունից խոսել, և՛ ցույց տալ քաղաքական բովանդակություն»,- ասաց Հակոբյանը՝ սա երկար չէր կարող տևել, և դա նկատեց նաև հեռուստադիտողը:
Նրա խոսքով՝ վերջին 1 տարվա ընթացքում «Շողակաթի» վարկանիշը աստիճանաբար ընկնում էր և հավասարվել էր գրեթե զրոյի. «Մենք խոսում ենք մի հեռարձակողի մասին, որը Հայաստանում, ցավոք, լսարան չուներ: Եվ սա պետք է լուծում ստանար: Շատ չեմ ուզում ծավալվել, որովհետև սա արդեն օրենք է, իսկ օրենքի ճիշտ և սխալը հանձնաժողովի նախագահը կամ անդամը իրավունք չունի մեկնաբանել, բայց մենք սկսեցինք անդրադառնալ խնդրին, երբ գնացքը արդեն գնացել էր:
Կարծում եմ՝ մտահոգված, հետաքրքրված հասարակությունը շատ ավելի շուտ պետք է ուշադրություն դարձներ «Շողակաթի» բովանդակությանը»,- նշեց Տիգրան Հակոբյանը:
Նա ընդգծեց, որ եթե «Շողակաթն» ունի այլ նպատակներ ու խնդիրներ և ֆինանսավորվելով եկեղեցական կառույցների կողմից, նրանք կարող են շատ հանգիստ շարունակել իրենց գործունեությունը. «Եթե նույնիսկ լիցենզիա չստանան, հենց վաղվանից իրենք կարող են լինել բոլոր ցանցային կաբելային օպերատորների փաթեթներում։ Այսօր ցանցային օպերատորների լսարանը կազմում է Հայաստանի բնակչության 80 տոկոսը։
Որեւէ բան չի կորչում, կորչում է միայն պետության ֆինանսավորումը: Այն բովանդակությունը, որ պարտավոր էր ապահովել հանրային հեռարձակողը, ինձ թվում է՝ չէր ապահովում։ Բայց կրկնում եմ՝ մենք այստեղ գործառույթ չունենք, դուք սխալ հասցեատեր եք ընտրել ինձ այսպիսի հարցեր տալով»,- ընդգծեց Հակոբյանը։
Հիշեցնենք՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությամբ առաջարկվում է սահմանել, որ հանրային հեռարձակողների թիվը չի կարող պակաս լինել երկուսից:
Նախաձեռնության հեղինակներն են ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Թագուհի Ղազարյանը և Սիսակ Գաբրիելյանը:
Կառավարությունը նույնպես հավանության է արժանացրել նախաձեռնությունը: Այս մասին ասել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը: Նա փաստել է՝ ներկայացված նախագիծը որևէ հեռուստաալիք փակելու մասին չէ:
«Կառավարությունը դրական եզրակացություն է տվել նախագծին, որպեսզի հանրային հեռարձակողն առնվազն 3-ի փոխարեն 2 սլոթ ունենա»,- ասել էր ԲՏԱ նախարարը:
Նախաձեռնությունն առաջին ընթերցմամբ քննարկվել էր հոկտեմբերի 21-ի ԱԺ նիստում:
Աղբյուր՝ News.am





