ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր չցանկացավ մեկնաբանել Կիրիլ պատրիարքի խորհրդականի հայտարարությունը։
Հիշեցնենք՝ Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի խորհրդական, ավագ քահանա Նիկոլայ Բալաշովը հիշեցրել էր, որ Հայ Առաքելական Եկեղեցին իրավաբանորեն անջատ է պետությունից, և հայ ժողովուրդը դրան վերաբերվում է «մեծ հարգանքով»։ Հոգևորականի խոսքով՝դա վարչապետ Նիկոլ Փաշինյանին իրավունք չի տալիս եկեղեցին իր հայեցողությամբ բարեփոխելու։
Սրբուհի Գալյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց՝ Փաշինյանը պատարագին մասնակցել է որպես մասնավոր անձ։
Հարցին՝ արդյոք նա Պատրիարք Կիրիլի խորհրդականի խոսքերը գնահատում է որպես միջամտություն ՀՀ ներքին գործերին, Գալյանը պատասխանեց, որ չի կարող մեկնաբանել օտարերկրյա գործիչների հայտարարությունները։
ՀՀ արդարադատության նախարարը միաժամանակ կտրականապես անընդունելի համարեց անձնական կյանքին վերաբերող տեսանյութերի տարածումը՝ հիշեցնելով, որ որոշակի ծառայություններ իրավունք ունեն նկարահանել անձնական բնույթի տեսանյութեր՝ զուտ օպերատիվ նպատակներով։
«Կարող եմ միայն ասել՝ երևույթն անընդունելի է։ Ցանկացած միջամտություն անձնական կյանքին՝ մանավանդ եթե ուղեկցվում է անձնական բնույթի տեղեկատվության հրապարակմամբ, անընդունելի է և քրեորեն պատժելի։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ պետք է քրեական գործ հարուցել։ Եթե տեսանյութը ֆեյք չէ, ապա քաղաքացիները պետք է դիմում ներկայացնեն, և քրեական գործ կհարուցվի», -ասաց նա։
Անդրադառնալով գաղտնալսումների թեմային՝ Գալյանը նկատեց՝ դրանց իրականացման իրավունքն ունեն կոնկրետ ծառայություններ՝ կոնկրետ նպատակներով, ընդ որում՝ դատարանի թույլտվությամբ։
«Տեղեկատվության ոչ իրավաչափ օգտագործմանը պետք է ստանա համապատասխան արձագանք, և նրանք, ովքեր ապօրինաբար են օգտագործել և հրապարակել այն, պետք է պատժվեն», – ասաց նախարարը։
Լրագրողների այն դիտարկմանը, որ նմանատիպ հրապարակումներ առաջինն սկսել է անել Նիկոլ Փաշինյանը՝ հանրությանը իբրև թե տեղեկացնելով որոշ բարձրաստիճան հոգևորականների կողմից կուսակրոնության ուխտը խախտելու մասին, և եթե չլինեին այդ հրապարակումները, չէր լինի նաև տեսանյութը, նախարարը պատասխանեց՝ հնարավոր է, հնարավոր է՝ ոչ։
Նրա խոսքով՝ վարչապետի հիմնական միտքն այն էր, որ եկեղեցական պաշտոնյաները չպետք է հրաժարվեն իրենց առաքելությունից և զբաղվեն քաղաքականությամբ, և անընդունելի է, որ եկեղեցին ունենա կեղծ դիրքորոշումներով ծառայողներ։










