ՌԴ խաղաղապահները հումանիտար օգնություն են ցուցաբերում Արցախի խաղաղ բնակչությանը, ռուսական խաղաղապահ զորակազմի տրամադրության տակ են գտնվում 826 խաղաղ բնակիչներ, այդ թվում 440 երեխա, տեղեկացրել է «Ինտերֆաքսը»՝ հղում կատարելով ՌԴ պաշտպանության նախարարությանը։
«Ռուսական խաղաղապահ զորակազմը մշտական կապ է պահպանում Բաքվի եւ Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության չթույլատրմանը, անվտանգության ապահովմանը եւ խաղաղ բնակչության հանդեպ հումանիտար իրավունքի պահպանմանը, ինչպես նաեւ ռուական խաղաղապահ զորակազմի անվտանգության ապահովմանը»,- ասված է նախարարության հաղորդագրությունում։Զինվորականները տեղեկացրել են, որ հումանիտար բեռ են հասցրել Արցախի խաղաղ բնակչությանը։ Նրանց տվյալներով՝ ընդհանուր առմամբ ռուս խաղաղապահների միջոցով Ստեփանակերտ է հասցվել ավելի քան 50 տոննա բեռ։