Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի խմբագրության դիմաց, որտեղ տեղի է ունեցել Դինքի սպանությունը, այսօր, հունվարի 19–ին, Դինքի մահվան 18-րդ տարելիցին նվիրված հիշաtակի միջոցառում է տեղի ունեցել։
Ինչպես տեղեկանում ենք Ստամբուլի հայկական «Ակոս»–ից, նախատեսված ժամին հազարավոր քաղաքացիներ «Այստեղ են ախպարիգ» բացականչություններով և հայերեն, թուրքերեն և քրդերեն պաստառներով մոտեցել են «Ակոս»–ի գրասենյակի մոտ։
Դինքի հիշատակին նվիրված սգո միջոցառմանը մասնակցել են Շիշլիի քաղաքապետ Ռեսուլ Էմրահ Շահանը, Բահչելիէվլերի քաղաքապետ Հաքան Բահադըրը, Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» (CHP) կուսակցության Ստամբուլի նահանգային կառույցի ղեկավար Օզգյուր Չելիքը, CHP–ի պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն, քրդական կուսակցության ներկա և նախկին պատգամավորներ, բազմաթիվ քաղաքական, հասարակական եւ մշակութային գործիչներ։
Հավաքի ժամանակ ընթերցվել է Գեզի այգու դեպքերից հետո ձերբակալված Օսման Կավալայի ուղերձը, իսկ հիմնական ելույթ ունեցողը եղել է Դինքի ընկերներից Թագուհի Թովմասյանը։
Հիշեցնենք, որ 2007 թվականի հունվարի 19–ին, Ստամբուլում «Ակոս» շաբաթաթերթի գրասենյակի դիմաց սպանվեց «Ակոս»–ի գլխավոր խմբագիր, ստամբուլահայ հասարակական գործիչ Հրանտ Դինքը։ Տարիներ տևած դատական գործընթացների արդյունքում ձերբակալվել և ազատ են արձակվել ներկա ևնախկին զինվորականներ, ոստիկաններ, դատապարտվել են ազատազրկման տարբեր պաշտոնյաներ։ Սակայն Դինքի փաստաբանները շեշտում են, որ գլխավոր կազմակերպիչները բացահայտված չեն, իսկ դատարանի սահմանած պատժաչափերը շատ մեղմ են։