Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Ստալինին գերազանցելով

Ամիսներ առաջ աշխատանքից ազատել են ԵՊՀ Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի դեկան Գևորգ Բարսեղյանին` ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

ԵՊՀ գիտական խորհուրդը որոշել է սկսել Արտասահմանյան գրականության ամբիոնի լուծարման գործընթացը։

Ըստ հրապարակումների` քայլը պայմանավորված է ամբիոնի վարիչ Անուշ Սեդրակյանի նկատմամբ քաղաքական հաշվեհարդարով։

Անուշ Սեդրակյանը, ԵՊՀ դասախոս լինելուց բացի,  նաև «Միասնության թևեր» կուսակցության պատգամավորի թեկնածու է։

Ի դեպ, ԵՊՀ-ում արտասահմանյան գրականության ամբիոնը գործում է 1929 թ.-ից և դիմակայել է բոլշևիկյան ճնշումներին ու ստալինյան բռնապետությանը։  Այս ամբիոնի դասախոսներից է եղել Լևոն Ներսիսյանը։

Հետաքրքիր է, որ Մայր բուհի Արտասահմանյան գրականության ամբիոնը լուծարվում է  այն ժամանակ, երբ  Հայաստանը «ժողովրդավարության բաստիոն» հռչակածները «հսկայական քայլերով» գնում են դեպի Եվրոպա, երբ Հայաստանում արմատացած է ռուսաֆոբիան, և, ընդհակառակը, «սիրո ու հավատարմության» դրսևորումներ են նկատվում Արևմուտքի նկատմամբ։  

Գրեթե համաժամանակյա ձերբակալվում է քաղաքագետ, ԵՊՀ դասախոս  Ալեն Ղևոնդյանը՝ դարձյալ քաղաքական հայացքների համար.  ֆեյսբուքյան գրառումով իբր  իշխանազավթման ու սահմանադրական կարգը խախտելու կոչ է արել։