Ադրբեջանը սրում է իրավիճակը, որ միջազգային ու հայաստանյան հանրության ուշադրությունը շեղի Լաչինի միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելու փաստից՝ նոր տեղում նոր ճգնաժամ ստեղծելու միջոցով մոռացության տալով հինը. մայիսի 11-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ Սոթքի ուղղությամբ կրակելն Ադրբեջանի մարտավարությունն է, որը նախկինում էլ է իրականացվել. սեպտեմբերյան ագրեսիան մոռացության տալու փորձ արեցին կեղծ բնապահպանական ակտիվիստներով Լաչինի միջանցքը արգելափակելու միջոցով։
«Լեռնային Ղարաբաղում հաստատված հումանիտար ճգնաժամը մոռացության տալու փորձ արեցին Տեղ գյուղի հատվածում Հայաստանի պետական սահմանը հատելու միջոցով, Տեղի հատվածում սահմանի խախտումը մոռացության տալու փորձ արեցին Լաչինի միջանցքում անցակետ դնելու միջոցով, Սոթքում իրադրությունը սրելու միջոցով նրանք փորձում են մոռացության տալ Լաչինի միջանցքում ապօրինի անցակետի տեղադրումը»,-ասաց նա։