Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Սոթքի հանքավայրում աշխատանքը դադարեցվել է, անձնակազմին ուղարկել են հարկադիր պարապուրդի

«ԳՊՄ ԳՈԼԴ»-ի մամուլի ծառայությունը հայտարարություն է տարածել և տեղեկացրել, որ պարբերական հրետակոծությունների հետևանքով Սոթքի հանքավայրում բացահանքի աշխատանքը դադարեցվել է:

«Ապրիլի 14-ի երեկոյան ժամերից սկսած ադրբեջանական զինուժի կողմից պարբերաբար կրակահերթեր են իրականացվում Սոթքի հանքավայրի ուղղությամբ։ Հանքավայրի աշխատող անձնակազմը բազմիցս փորձել է անցնել աշխատանքային պարտականությունների կատարմանը, սակայն դրան խանգարել է իրականացվող տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակոցներ։

Տուժածներ չկան, աննշան վնաս է պատճառվել տեխնիկային։

Ձեռնարկության աշխատակիցների համար մշտական վտանգի իրավիճակը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի։

Որպես հետևանք, Սոթքի բաց հանքում հետագա աշխատանքը անհնարին է դարձել ընկերության վերահսկողությունից անկախ հանգամանքների պատճառով։

Այդպիսով, ընկերությունը բախվել է անհաղթահարելի ուժի հանգամանքների ազդեցությանը (ֆորս մաժոր): Աշխատակիցների անվտանգությունը ապահովելու նպատակով, «ԳՊՄ ԳՈԼԴ»-ի ղեկավարությունը որոշում է կայացրել դադարեցնել բաց հանքի շահագործումը և անձնակազմին ուղարկել հարկադիր պարապուրդի։

Նշենք, որ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը հայտնել է, որ Սոթքի բաց հանքում աշխատանքների ավարտը նախատեսվել էր անցյալ տարվա աշնան վերջ, սակայն մեր բանակցությունների և պնդումների արդյունքում դրանք շարունակվում են, և աշխատողների մեծ մասին կպահեն՝ մինչև այս տարվա ամառ, որից հետո արդեն կսկսվեն կրճատումները։