Կիրակի, 9 Օգոստոս, 2026

Սերո Խանզադյան. «Բակունցի խնձորենիները»

Սերո

Ակսել Բակունցը և Սերո Խանզադյանը Սյունյաց աշխարհի զավակներն են:      Բակունցը ծնվել է 1899 թվականին, Խանզադյանը`1915 թ.:
          Խանզադյանի «Ինչպես հիշում եմ» գրքում հիշողություններ կան նաև Ակսել Բակունցի մասին:
          «Երազկոտ զանգեզուրցու»[1] մասին Խանզադյանը պատմում է.
          «1928 թվականն էր. Խոր աշուն:
          Հայրս տուն եկավ հուզված, խանդավառ: Կանչեց ինձ.
          -Այ տղա, վեր կաց: Ծառ են  բերել, գնանք տեսնենք:
          -Ի՞նչ ծառ,-հարցնում  եմ` տրեխներս հագնելով:
          -Ակսելը Ռուսեթի խնձորենիներ է բերել, վեր կաց:
          Շտապելով դուրս ենք գալիս տնից:
          Աշուն է, սարերում ձյուն  կա արդեն: Ձորի ծառերը տերևաթափ են, տխուր, միայն ջահել թթենիներն են հուրհրատում ձորալանջերին, անծուխ բոցի պես շլացնող:
          Լուկաշինի բակում (ընկեր Լուկաշինի անվան մեր դպրոցն է) մարդիկ են հավաքվել: Ֆուրգոններից խուրձ-խուրձ ծառերի կապեր են հանում: Մատղաշ ծառեր են, ոչ տերև ունեն, ոչ բողբոջ, կարծես քնած են: Նրանց արմատները փաթաթված են են խսիրով, ճյուղերից կախված են ֆաներայի պատառիկներ`ծառի կենսագրությունը վրան` անունը («բելոֆլոր» կամ «ռանետ կուրսկիյ»), ծննդյան թիվը (երեք տարեկան), ծննդավայրը (Հյուսիսային Կովկաս, Կուրսկ, Ռոստով և այլն):
          Մեր քաղաքի մարդիկ, որոնց մեծ մասը տակավին հողագործ է, մի փոքր անվստահ են ձեռք տալիս մատղաշ ծառերին:
          -Էս որտեղի՞ բսուկ ա, Ալեքսանդր,- հարցնում է մեր հարևան Ավանես ամին:
          -Ռուսաստանի,-պատասխանում է Ակսելը:
          -Հա՜,-պայծառանում է Ավանես ամին:-Մի քիչ խասիաթ պարզիր, հեռու տեղից եկած ծառ ա:
          Ակսել Բակունցը մոտենում է տունկերի կույտին: Ես կլանված նայում եմ նրան: Նույն վերարկուն է հագին, նույն կեպին է շվաք գցել լայն, բարձր ճակատին: Կեպիի տակից դուրս է պրծել մի փունջ անհնազանդ մազ: Նա զգուշությամբ վերցնում է բարալիկ, հազիվ մեկ-երկու ճյուղ ունեցող շիվերն ու բացատրում դրանց «խասիաթը»: Բացատրում է գրողի քնքշանքով և «ագրոնոմի» հմտությամբ:
          -Բա՜…-երկարածորում է Երի Շենից մեր քաղաքը նավթ առնելու եկած Խաչին` Նավթամանը ձեռին, հազիվ սպիտակող բեղերի տակ խորամանկ ժպիտ:-Էդ ծառերը Կյորեսի ձորում դիմանալ չեն:
          -Կդիմանան ,-ասում է Բակունցը:-Տարեք տնկեցեք, աճեցրեք, բազմացրեք:Խնձորը պատվական միրգ է:
          Երիշենցի Խաչին ձեռքը թափ տալով գնում է:
          -Ծառ չե՞ս տանում,-նրա հետևից հարցնում է հայրս:
          -Մեր գյուղում մի ծառ կա՞, որ մինն էլ տանեմ: Սար երգիր ա, մեզանում ծառ չի բուսնի:
          Եվ գնում է` նավթամանը մեջքին օրորելով:
          Մերոնք վարանոտ նայում են տնկիներին, մեկ-մեկ վերցնում, տնտղում:
-Տանենք, փորձենք:
          Բարութչի Ավանես ամին բռնում է Բակունցի թևը:

          -Ալեքսանդր, յանի որ տանենք, նեղություններս մի քանի կհասնե՞ն:
          Բակունցը  ներողամտորեն ժպտում է, նորից սկսում բացատրել խուլ ձորերում ծնված, ձորերում մեծացած, ձորերից այն կողմի աշխարհներին անտեղյակ մարդկանց, թե ինչպիսի մեծ օգուտ կտան խնձորի այգիները: Գյուղացիները հավատում են նրան: Ինչպես չհավատան  այն մարդուն,որ այնպես հմտությամբ ճանաչում է իրենց, գիտի թափանցել իրենց հոգու խորքերը, իրենց աշխարհի ու կյանքի երգիչն է:
          Մերոնք խնձորենիներ են տանում իրենց բախչաներում, բոստաններում ու այգիներում տնկելու: Մենք էլ ենք ծառեր  բերում: Հայրս փոսեր է փորում, խնամքով տնկում «Ակսելի բերած ծառերը» և մեր հարևաններին խորհուրդ տալիս, որ իրենք էլ իրենց «չաստոկներում» դրանցից տնկեն: Հայրս սիրում է Ալեքսանդրի անունը «գրաբարավարի» ասել` Ակսել:
          -Այ մարդիկ,-դիմում է նա թերահավատներին,-Ակսելն աշխարհի տակն ու գլուխն իմացող, գրող-ագրոնոմ է, բա որ նրան չհավատանք, էլ ո՞ւմ հավատանք: Նրա գրածներն անպտո՞ւղ են, որ բերած ծառերն էլ անպտուղ լինեն:
Այդ ձմեռ  «Ռուսեթի» ծառերը տխրեցին Վարարակնի հովտում.տխրեցինք նաև մենք, երբ կարդում էինք  «Մթնաձորի» Ավու, Վանդունց Բադու, Մինա բիբու և ուրիշ մեզ հարազատ մարդկանց անցած հնացած պատմությունները:
          -Հե՜յ գիտի հա,- ասում էր հայրս:-Մարդ էլ էսքան բան իմանա՞: Սողոմոն  իմաստունն է մեր Ակսելը: Երանի՜
 Ստեփան դայուն:-Ասում էր, փափախը դնում, գնում Ակսելի հոր` Ստեփան դայու հետ զրույց անելու:
          Բակունցը վայելեց իր բերած խնձորենիների պտուղը:
          Հիշում եմ, 1931 թվականին նորից էր եկել Գորիս: Ստեփան դայու հետ նայեցին մեր ծառերը: Մեծացել էին, ճյուղ տվել, ճյուղերին` պտուղներ, պտուղներին` աշնան եղյամ: Ժպտաց, երբ կծեց  «շարմաղ» խնձորը` համից ինքնաբավական:
          -Մեր հողի քաղցրությունն ու մեր արևի համն էլ է խառնվել հետը:-Ասաց, կապույտ աչքերում ժպիտ, ձայնի մեջ հարազատ մի երգ, որ մինչև հիմա էլ ականջիս մեջ է…
          Երբ հաց էինք ուտում, հայրս ասաց.
          -Ակսել, ախր մեր էս «խոխան» էլ է բան-ման գրում:-Ձեռքը մեկնեց իր ինը երեխաներից իմ կողմը:
          Բակունցը նայեց ինձ: Ես փախա…Ի՞նչ է ասել նա հորս, չգիտեմ: Միայն երեկոները հայրս, եթե քեֆը տեղն էր լինում, ասում էր.
          -Ադա, մի մեր Ակսելի գիրքը բեր, մի բան կարդա:
          Կարդում էի, հայրս հրճվագին ասում էր.
          -Հեյ վա՜խ, Սողոմոնի խելքն ունի: Երանի Ստեփան Դայուն: Հիմա էլ քո գրածներից կարդա:
          Իսկ ես իմ գրածները նրա համար չէի կարդում»:[1]


[1] Ս. Խանզադյան, «Ինչպես հիշում եմ», Երևան, 1988, էջ`7-10:




[1] Բակունցի մասին իր հուշերում Մկրտիչ Արմենը նրան այդպես է անվանում:

.
                              «Բակունցի խնձորենիները»

Լ. Լալայան