ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը ցանկացել է բանասիրական ֆակուլտետի դասախոս, Սփյուռքի նախկին փոխնախարար, հասարակական գործիչ Սերժ Սրապիոնյանին հեռացնել աշխատանքից՝ ասելով, որ Սրապինոյանը պետք է իրենց՝ ՔՊ-ի ու Նիկոլ Փաշինյանի իշխանության դեմ չխոսի։ Oragir.news-ի հետ զրույցում Սրապիոնյանը պատմել է, որ Հովհաննիսյանը ֆակուլտետի դեկանի և ամբիոնի վարիչի միջոցով է փորձել դա փոխանցել իրեն, սակայն մերժում է ստացել․ «Այսպես կոչված՝ նորաթուխ ռեկտորը դեկանին ու ամբիոնի վարիչին է հայտնել, որ չի ուզում ինձ հետ պայմանագիր կնքել։ Ընդ որում, քառորդ դրույք է իմ աշխատանքը, անցած տարի կես էր, հիմա քառորդ։ Պատճառաբանում են, թե ուսանողների թիվը քիչ է, ժամեր չկան, իրենք այնտեղ հաշվարկային ինչ-որ նոր մեթոդներ են մտցրել և այլն։ Դե, նպատակը պարզ է․ իրենց նման չմտածող դասախոսներից ազատվելն է, դա արդեն ակնհայտ է։ Դեկանն ու ամբիոնի վարիչը բավականին կայուն դիրքորոշում են դրսևորել, երկուսն էլ պնդել են, որ չի կարող նման բան լինել, որովհետև այն շրջանը, որը ես եմ դասավանդում, այդ շրջանի մասնագետ չունենք։ Պայման է դրել, թե հետը խոսեք, որ այլևս մեր դեմ չխոսի, այլևս մեր անունը չտա, այդ դեպքում կստորագրեմ։ Իհարկե, պայմանագիրն այս պահին ստորագրել է, ժամերը բաշխել են, ես ունեմ շաբաթական այդ քառորդ դրույքի ժամերը, բայց պայմանը դա է եղել, որ ես իրենց բացերի մասին չխոսեմ։
Բնականաբար, ես դեկանին ասացի, որ չեմ կարող չխոսել, որովհետև իմ աչքի առաջ քանդում են ամեն ինչ բոլոր որոլտներում, և այդ կրթության վայ-նախարարը մինչև այսօր որևէ ծպտոց չի հանել անգամ բուհերի՝ այսպես կոչված կենտրոնացման, բայց իրականում քանդման դեմ։ Դպրոցական ծրագրերի մասին մոտ օրերս ես հաղորդումով հանդես կգամ, խայտառակ ծրագրեր են, որոնց մասին իրենք լռում են՝ այս նախարար կոչվածը, որ դումանով պատեց հայոց կրթական համակարգը։ Այնտեղ միջնադարի շրջանն են հանել և այլն, ես դա հետագայում կգրեմ։ Ըստ էության՝ բոլոր այն դասախոսները՝ Էդգար Ղազարյանը, Ռուբեն Մելիքյանը․․․, այսինքն՝ տեղի է ունենում քաղհալածանք, ինչը որևէ իշխանության օրոք չի եղել այսպիսի ցինիզմով և այսպիսի լկտիությամբ։
Մարդկանց ուղղակի պարտադրում են, որ խոսենք իրենց նման, ասեն իրենց նման, համաձայնեն ամեն ինչին, ներողություն եմ խնդրում ոչ հայերեն բառի համար, ժարգոնային բառի համար, որպեսզի բարեհաճեն «թուլափայ» գցել դասախոսներին, բայց մոռանում են, որ դասախոսներն ինքնասիրություն ունեցող, իրենց անձի վերաբերյալ իրենց մոտեցումն ունեցող անհատներ են։ Դասախոսները հո չե՞ն կարող լինել այն ամբոխային մտածողը, որին իրենք կառավարում են։ Ես 40 տարի համալսարանում դասավանդել եմ և ունեցել եմ բավականին բարձր վարկանիշ, խնդիրն այդ 40 տարիներին էլ չի վերաբերում, այլ այն ուսանողներին, որոնք գալու են ու սրանց անգրագետ ճամարտակությունները լսեն Եվրոպայում իրենց շրջագայությունների և այլնի մասին, դասախոսություն չեն լսելու։ Էս մարդիկ, է՜հ, Թուրքիայից եկան․․․, Աշոտ Մելքոնյանը խոսեց այդ մասին, երջանկահիշատակ Արտակ Մովսիսյանը խոսեց այդ մասին․․ Ծրագիրը Թուրքիայից կազմել-բերել են, և պատկերացրեք՝ ավագ դպրոցից այս պահին հանված է միջնադարյան գրականությունը, և մեր գրականությունը սկսվում է 19-րդ դարի սկզբից՝ մոտավորապես թուրքական գրականության տարիքին։ Սա նշանակում է քո երկիրը դնել թուրքական ստվերի տակ, էն թուրքականի, որը հասակ չունի, որ ստվեր ունենա։ Այսինքն՝ այսքան կամակատար, լպրծուն, թուրքերի իշխանությունը երանություն համարող, ազգադավ երևույթներ երբեք հայոց իշխանական լծակներին մոտ չեն եղել»,- Oragir.news-ի հետ զրույցում ասել է Սրապիոնյանը։
Նա նաև համեմատական է անցկացրել մինչև 2018-ն ու դրանից հետո Մայր բուհի վիճակի միջև․ «Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ իրենք ասում էին՝ Սերժ Սարգսյանը հոգաբարձուների խորհրդի նախագահ է։ Սերժ Սարգսյանը ինտելեկտուալ որակներ ուներ, իրենք բերում-դնում են մեկին, որը ուսուցչի մակարդակին անգամ չի բավարարել, որն այսօր ՊՆ է ղեկավարում, ավելի ճիշտ՝ ՊՆ-ի ղեկավարի պոստին նստած՝ ՊՆ է քանդում, այդ մարդուն դրել են հոգաբարձուների խորհրդի նախագահ, համալսարանին վերջանականապես ինքնավարությունից զրկեցին, և իրենց կամակատարին դրել են ռեկտոր։ Ոչ ոք տեղյակ չէ, թե էս մարդը գիտական ինչ նվաճումներով է աչքի ընկել, գիտական որ ճյուղի ներկայացուցիչ է։ Իրեն կրոնագետ է համարում և հակակրոնական արտահայտություններ է անում։ Այս մարդուն դրել են ռեկտոր, ոնց ասում են, այդպես արվում է։ Այս մարդը արդեն գրեթե 1 տարի համալսարանի ռեկտոր է, և որևէ էական փոփոխություն դեպի դրականը համալսարանի կյանքում չի եղել, միայն գիտենք, որ ամեն անգամ որևէ տեղ շրջագայության է մեկնում՝ գործուղման անվան տակ»։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում