Եթե այս ամենը տեղի է ունենում քարոզարշավի մեջտեղում, երբ ընտրություններին մնացել է 10 օր ու քեզ կանչում են Երևանի կենտրոնի քննչական 2024 թվականի մայիսի ճանապարհատրանսպորտային ինչ-որ մի ակտի հետ կապված, քաղաքական հետապնդում է, թե չէ, փաստաբանիս հետ կմտնենք, դուրս կգանք, կասենք, բայց որ սա քաղաքական ուղղորդված ակցիա է, վստահաբար այդպես է: Այս մասին Երևանի ոստիկանության կենտրոնականի բաժնի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց Գյումրիի քաղաքապետի թեկնածու Ռուբեն Մխիթարյանը։
«Գերագույն գլխավոր քըձըխը, երբ եկել էր Գյումրի, լաչառավարի հայտարարում էր, որ քարոզարշավին մասնակցում են թեկնածուներ, որոնք փորձում են պահել իրենց թալանած գույքը՝ 350 մլն դոլարի: Հիմա պարզվում է՝ մի հատ ակտ կար, դրա համար են մտել: Ես մի ակտ եմ թալանել»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ իրավապահները նշում են, որ ինքը 6 ամսով զրկված է եղել վարելու իրավունքից, բայց մեքենա է վարել, Ռուբեն Մխիթարյանն ասաց. «Ես զրկված եմ եղել 2023 թվականի դեկտեմբերի 22-ից մինչեւ 2024 թվականի հունիսի 22-ը, հունիսի 25-ին հետ եմ ստացել իմ վարորդական իրավունքի վկայականը և վարում եմ մեքենան 11 ամիս: Զրկվել էի այն պատճառով, որ բալերս պրծել էր: Այս ամենը շատ ծիծաղելի է, 11 ամիս սրա մասին չխոսել, հիմա կանչել հենց քարոզարշավի ժամանակ, երբ 10 օր է մնացել»: