Այն, ինչ-որ կատարվել է այսօր, ընդհանրապես դրա անհրաժեշտությունը չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը` անդրադառնալով մեքենայի առգրավմանը եւ Արցախի ներկայցուցչության դարպասները կոտրելուն:
«Այս ամսվա 7-ին, երբ առաջին անգամ քննիչները եկել են եւ փորձել են առգրավել մեքենան, հենց սկզբից ուզում եմ ասեմ, որ սա մեքենայի հարց չի, սա ուղղակի Արցախի մնացորդների վերացման հարց է: Եւ այդ ժամանակ, որ փորձել են մեքենան տանել եւ հասկացել են, որ դա անօրինական է եւ պետք է համապատասխան վճիռ լինի դատարանի, հեռացել են:
Այդ նույն երեկոյան ես հեռախոսազրույց եմ ունեցել քննչական կոմիտեի նախագահի հետ իր նախաձեռնությամբ եւ վերջնական մեր խոսակցության արդյունքը եղել է այն, որ ասել է` իրեն սխալ են զեկուցել եւ այդ սխալ զեկույցը փակելու համար ինքնագլուխ որոշում են կայացրել մեքենան առգրավելու, եւ ինքը չի իմացել, որ այդ մեքենան սպասարկում է Արցախի նաագահին եւ եթե ինքը իմանար, նման բան չէր լինի:
Ես իրեն պատասխանել եմ, որ անհրաժեշտության դեպքում, անհետաձգելի քննչական գործողություններ անելու համար պատարստ եմ որտեղ ասեք` ուղարկեմ: Այս իրավիճակը, որ ստեղծվել է ինձ քննչական կոմիտե հրավիրելուց հետո, անընդունելի եմ համարում եւ դատապարտում եմ: Մենք այդ մեքենան որտեղ ասեին` ուղարկելու էինք եւ մենք այդպես էինք պայմանավորվել»,-ասաց նա:
Շահրամանյանը նշեց, որ այն իրավիճակը որը ստեղծվել ` մուտքի դռներ կոտրելով եւ մեքենան բռնի տանելով, դա վերաբերմունքն է Արցախի նկատմամբ:
Շահրամանյանի խոսքով` այսօր իրեն Քննչական կոմիտե է հրավիրվել Արցախում մնացած, ապա Հայաստան վերադարձած Սարգիս Գալստյանի գործով: Արցախի նախագահը հայտնեց, որ ցուցմունք է տվել եւ հայտնել իրեն հայտնի տեղեկությունները:
Հիշեցնենք, որ ավելի հունիսի 21-ին դիմակավոր հատուկջոկատայինները կոտրել էին Արցախի ներկայացուցչության դուռը եւ տարել մեքենան: Ավելի ուշ ներկայացուցչություն է այցելել Բագրատ Սրբազանը եւ նվիրել իր մեքենայի բանալիները` նշելով, որ իշխանության այդ քայլերը էժանագին են: