Հայաստանն ու Ադրբեջանը դեռ չեն քննարկել, թե սահմանի որ հատվածում է լինելու սահմանազատման հաջորդ փուլը. սահմանազատման հաջորդ հատվածի վերաբերյալ նույնիսկ քննարկումներ դեռ չեն եղել, այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նիստում հայտարարեց Ադրբեջանի հետ սահմանների սահմանազատման հայկական հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Այս պահին դեռ չենք քննարկել, թե որ հատվածում է լինելու դելիմիտացիայի հաջորդ հատվածը։ Մի բան հստակ է, որ պետք է լինի կոնսենսուսով։ Կողմերից որևէ մեկը չի գալու ու ասի՝ եկեք շարունակենք այս հատվածում՝ ի տարբերություն Տավուշի, այդ հատվածն ամենաբարդն էր։ Ի վերջո, երկար քննարկումներից հետո ձեռք բերվեց կոնսենսուս, որ ամենաբարդ հատվածում սկսենք գործընթացը»,- հավելեց նա:
Անդրադառնալով Տավուշի հատվածում սահմանազատման մասին, փոխվարչապետն ասաց, որ այդտեղ սահմանազատում անելու համար հիմքեր կային. «1976 թվականի Գլխավոր շտաբի քարտեզը ոչ միայն որպես քարտեզային փաստաթուղթ, այլև որպես հիմքեր լրիվ ամփոփ է, իրավական շղթան կառուցված է»:
Մհեր Գրիգորյանը շեշտեց՝ սահմանազատման համար լրիվ վավեր հիմքեր են եղել։
«Խոսքը չի վերաբերում նրան, որ պետք է հատվածական սահմանազատում արվի, սահմանազատման աշխատանք պետք է արվի, բայց կանոնակարգում հստակ գրված է՝ վերջում պայմանագիր ստորագրելուց պայմանագրին կից պետք է լինի միասնական արձանագրություն-նկարագրություն, որը նկարագրում է Հայաստանի ու Ադրբեջանի ողջ սահմանը։ Ես չեմ բացառում՝ կան ռիսկեր, որ գործընթացը կխզվի կամ չի ավարտվի, բայց չկա ռիսկ, որ մի հատված կլինի իրավաբանորեն ձևակերպված որպես սահման, իսկ հետո պայմանագիր չի ստորագրվի ու դա չի կլանվի»,- նշեց Մհեր Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ այսօր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին հարցը: