2023 թվականին Ղարաբաղում գտնվող Ռուսաստանի խաղաղապահ հրամանատարությունը տեղեկացվել է սպասվող գործողության մասին դրա մեկնարկից 10-15 րոպե առաջ։
Այս մասին Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը հայտարարել է Ադրբեջանի Հանրային հեռուստատեսությանը (ITV) տված հարցազրույցում։
Նախարարը նշել է, որ խաղաղապահներին տեղեկացվել է վտանգի մասին և խորհուրդ է տրվել տեղափոխվել ավելի անվտանգ վայրեր կամ զորանոցներ:
«Նրանք հիմնականում հետևել են հրահանգներին։ Խաղաղապահները պատճառ չունեին դա չանելու, քանի որ երեք տարվա ընթացքում նրանց բազմիցս զգուշացրել են հայկական զինված խմբավորումների գործողությունների, տարածքների ականապատման, ամրաշինությունների կառուցման և զենքի ու զինամթերքի տեղափոխման մասին։ Խաղաղապահները պնդում էին, որ այս հարցերը իրենց լիազորությունների շրջանակներում չեն. իրենց մանդատ չի տրվել, ուստի նրանք միայն ընդհանուր դիտարկում են իրականացրել»,- ասել է Բայրամովը և ընդգծել, որ հայերի «կամավոր» դուրս գալուց հետո առաջացել է այնտեղ խաղաղապահների ներկայության նպատակահարմարության հարցը։
Ըստ ԱԳ նախարարի՝ այլևս չի պահանջվել խաղաղապահների ներկայությունը:
«Մենք այս հարցում որևէ լուրջ պնդում չունեինք։ Մենք արդեն գիտեինք, որ նրանք կոնկրետ ժամկետ ունեին։ Նրանք կարծում էին, որ իրենց կարիքը կրկին կզգացվի, եթե հայ բնակիչները ցանկանան վերադառնալ։ Նման ազդանշաններ Մոսկվայից էին գալիս։ Ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ հայերը վերադառնալու մտադրություն չունեն, և խաղաղապահների համար էլ պարզ դարձավ, որ այնտեղ մնալու իմաստ չկա։ Ստեղծվել էին բոլոր անհրաժեշտ պայմանները, որպեսզի նրանք լքեն այս տարածքները», – նշել է նախարարը։
Բայրամովը հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության պայմանների համաձայն, եթե կողմերից մեկը ժամկետի ավարտից վեց ամիս առաջ տեղեկատվություն չտրամադրի առաքելության ոչ նպատակահարմարության մասին, խաղաղապահների առաքելությունը պետք է երկարաձգվի ևս հինգ տարով։
«Այդ ժամկետը լրացել է 2025 թվականի մայիսի 10-ին։ Չնայած ռուս խաղաղապահները այլևս Ադրբեջանում չէին, զուտ իրավական տեսանկյունից, հետագայում հարցերից խուսափելու համար, մենք այս տարվա ապրիլի 30-ին պաշտոնական նոտա ուղարկեցինք ռուսական կողմին՝ լիովին նկարագրելով իրավիճակը։ Մենք հայտարարեցինք, որ նրանց մանդատը ամբողջությամբ չեղյալ է հայտարարվել», – նշել է Ադրբեջանի արտգործնախարարը։





