Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը տեղեկատվական տեղեկագիր է հրապարակել Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի՝ ապրիլի 30-ի դրությամբ գործունեության վերաբերյալ:
«Ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում: Երեսուն դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Վերջին 24 ժամվա ընթացքում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել.
Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուսական խաղաղապահ զորակազմի ավտոշարասյունը մարդասիրական բեռ է հասցրել Ստեփանակերտ», – ասվում է տեղեկագրում:
Դրանում նաև նշվում է, որ խաղաղապահ զորակազմի ինժեներ-սակրավորներ խմբերը շարունակում են օբյեկտների և տեղանքի ականազերծումը։ Օրվա ընթացքում մաքրվել է 0,1 հա տարածք։ Ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս չպայթած ականներից մաքրվել է 2533,6 հա տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1940 շինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 26 791 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ, ասվում է տեղեկագրում։