«ԳՈՎՔ ՀԻՄԱՐՈՒԹՅԱՆ
Քննարկումների փուլում է «Հանրակրթական դպրոցում գրականության ուսումնառության ՀԱՅԵՑԱԿԱՐԳ»-ը, որի մասին ֆեյսբուքյան գրառմամբ արդեն իսկ կարծիք եմ արտահայտել, և այն հրապարակել է «Հայկական ժամանակը»: Դա ընդամենը հպանցիկ անդրադարձ էր միանգամից աչք ծակող վրիպակներին կամ գուցե տառասխալներին: Մեկ-երկու էջ ընթերցելով՝ համոզվեցի, որ շարադրանքի պարզունակությունը, հաճախ՝ անմտությունն ու ասելիքը չպատկերացնողի գերբնական ջանքով ծնված բառակույտերը առավել լուրջ ու մանրակրկիտ անդրադարձի առատ նյութ են:
Ծավալուն փաստաթղթի էջերը այնուհետև նորանոր հորիզոններ բացեցին իմ առջև, և ընդառաջ գնացի գայթակղությանը՝ տեքստը խնամքով ուսումնասիրելու, այս հայեցակարգ-ուղեցույցի մեջ ողջամտություն գտնելու, սրա անհրաժեշտությունը կամ իմաստն ըմբռնելու, ենթատեքստում խնամքով թաքցրած մտքի գոհարները պեղելու:
Առանձնապես շատ ժամանակ ու ջանքեր չպահանջվեցին, քանի որ փաստաթղթի հեղինակները առաջին իսկ տողերում բացահայտում են, թե ինչու են ձեռնամուխ եղել սույն հայեցակարգի մշակմանը:
Ահա. «Արդի աշխարհում տեխնիկայի և գիտության սրընթաց զարգացումը նոր խնդիրներ է դնում կրթության առջև: Բազմաթիվ մասնագիտություններ, որոնք այսօր հարգի են, շուտով փոխարինվելու են մեքենաների և ռոբոտների աշխատանքով: Ահա այդ է պատճառը, որ հանրակարթական դպրոցում հայոց (մայրենի) լեզվի և գրականության ուսուցումը և ուսումնառությունը ևս հիմնավոր փոփոխության կարիք ունեն» (այս և հետագա բոլոր մեջբերումները տառացի են, առանց սխալներն ուղղելու.-Վ. Դ.): Հասկացա՞ք: Ռոբոտների անխուսափելի գալուստն է դրդել, այսինքն, որ հիմնավոր փոփոխությունների ենթարկվեն հայոց (մայրենի) լեզվի ու գրականության ուսուցումն ու ուսումնառությունը… Աշակերտները կարող են Ավագի երանավետ հայացքով նայել ընկեր լեյտենանտին փոխարինելու եկած ռոբոտներին ու մրմնջալ. «Մենք ձեզանից շա՜տ շնորհակալ ենք… Դուք որ չգայիք, մենք հայեցակարգ ունեցողը չէի՜նք»:
Բայց մինչև սույն սրընթաց զարգացումն ու ռոբոտներին դիմավորելը գայթում ենք. «Հանրակրթայկան դպրոցում գրականության ուսումնառության շեշտադրումը պիտի լինեն որոշակի կարողությունների և հմտությունների, ինչպես նաև սովորողի վերաբերմունքի, արժեքային համակարգի ձևավորումը, զարգացումը և կատարելագործումը»:
Եթե առիթ ունեցել եք անմիտ տեքստեր կարդալու, կարո՞ղ եք գուշակել, թե էս խուճուճերեն նախադասությունը ինչ լեզվից է թարգմանված… Քանզի զռռում է, որ հաստատ հայերեն չեն ծնվել «կարողությունների և հմտությունների…», «ինչպես նաև սովորողի վերաբերմունքի, արժեքային համակարգի ձևավորումը, զարգացումն ու կատարելագործումը» բառակույտերը:
Հիմա փորձենք հասկանալ «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ», որը սույն փաստաթղթի ենթավերնագրերից թերևս ամենաառանցքայինն է:
Գրված է. «1. Գրական երկի ուսումնասիրությունը հնարավորություն կտա հասկանալու տեքստի ենթիմաստը, հեղինակի ասելքը, հերոսների արաքների դրդապատճառները, գրողի՝ տեքստ ստեղծելու վարպետությունը, խոսքի ոճական առանձնահատկությունները: Գրական հերոսների արաքների, բնավորության վերլուծությունը հնարավորություն կտա հասկանալու, ճանաչելու ինքն իրեն և այլ մարդկանց, այս ամենի շնորհիվ սովորողը կկարողանա կյանքում հարաբերություններ հաստատել, ճիշտ հաղորդակցվել և համագործակցել մարդկանց հետ»: Համաձայնեք՝ հանճարեղ է: Ի՞նչ եք կարծում, եթե մեջբերված սույն բառակույտը որևէ աշակերտ գրի իր շարադրության մեջ կամ որևէ դիմորդ գրի ընդունելության քննության իր գրավորում, ի՞նչ գնահատական կստանա… Միանգամայն ճիշտ եք՝ անբավարար: Մտքի ու գրագիտության իսպառ բացայակայության պատճառով: Մինչդեռ սա բազմավաստակ ուսուցչի գրած տեքստ է, ընտրյալ ուսուցիչների կոլեկտիվի, չափորոշիչներ սահմանողների տեքստ…
Ահա այս ընտրյալները կամ ՀՀ ԿԳՄՍՆ մրցույթով լավագույնը ճանաչված մասնագետները, որոնց վստահվել է չափորոշիչներ սահմանել սերունդների համար՝ ակնկալում են «ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ», բացահայտելով իրենց հետապնդած ազնիվ նպատակը. «Գրականության՝ Հանրակրթության պետական չափորոշչի դրույթների, պահանջների, սահմանված կարողունակությունների հիման վրա մշակված վերջնարդյունքներով սահմանվել են հիմնական և ենթահասկացություններ, որոնց համապատասխան, ինչպես նաև տարիքային ամեն խմբի համար սահմանված են 4-5 կետով չափորոշչային հստակ պահանջներ կամ չափանիշներ»:
Մինչ դուք գլուխ կջարդեք կամ չեք ջարդի՝ հասկանալու համար, թե սրա բնագի՞րը ոնց գտնեք, որ գլուխ հանեք «հիմնական և ենթահասկացություններ»-ից, վրա է հասնում հաջորդ ահասարսուռ միտքը. «Հարկ է նկատել, որ արդի դարաշրջանում երկչափ կրթությունից՝ գիտելիք – կարողություն կամ հմտություն, անցում է կատարվել եռաչափ կրթության՝ հասկացություն – գիտելիք – կարողություն/հմտություն»:
Կույր պետք է լինել՝ չտեսնելու համար, որ սա աննախադեպ առաջընթաց է: Նախկինում ընդամենը երկչափ էր կրթությունը, իսկ հիմա եռաչափ է լինելու: Ու գիտե՞ք ինչի շնորհիվ. մի հատ շա՜տ կարևոր բառ է ավելացել, ու այդ բառի անունն է «հասկացություն»: Նախկինում չկար այդ բառը, նախկինում կրթությունը զուրկ էր հասկացությունից, իսկ հետայսու լինելու է, հայտնագործվե՛լ է հասկացությունը…
Սա, Հորացիո, իսկապես որ հայեցակարգ է… կոնցե՛պցիա:
Հիմա տեսնենք, թե ինչ կարևորագույն սահմանում է հաջորդում այս աղաղակող առաջընթացին: Ահավասիկ.
«Նկատի ունենալով սովորողների տարիքային առանձնահատկությունները, նրանց հետաքրքրության շրջանակը և պահանջմունքները՝ նախատեսվում են նյութերի ընտրության հետևյալ շրջանակը՝
● միջին դպրոցի երկրորդ աստիճան. 13-15 տարեկան աշակերտների հետաքրքրության ոլորտը կազմում են կենսագրական, հերոսական բնույթի պատմությունները, այդ պատճառով էլ տարիքային այս խմբի համար պիտի ընտրվեն նշանավոր մարդկանց կենսագրականներ, հերոսական պատմություններ:
● ավագ դպրոցի կամ 15-17 տարեկան աշակերտների հետաքրքրության ոլորտը սեփական ես-ի շուրջ է պտտվում. տեքստերը պիտի համապատասխանեն նրա անձնական հետաքրքրությունները բավարարելուն, մասնագիտական կողմնորոշման հարցերը լուծելուն»:
Իմացա՞ք. 13-15 տարեկանում՝ հերոսական պատմություններ, 15-17-ում՝ հլը մի րոպե. գրողի ծոցը հերոսությունը, դրա վախտերն անցան, ախպեր, անձնական հետաքրքրություններ կան, կողմնորոշվելու հարցեր կան, բան…
Բովանդակային անդրադարձիս այս մասն ավարտեմ մի կիսախուժան անեկդոտով: Պապը թոռանը խրատում է. «Ա՛ շան տղա, ռուսերեն սովորի, քեզ ասում եմ՝ սաղ բրախի՝ ռուսերեն սովորի» «Ինչի՞ս ա պետք, պապի»,- ըմբոստանում է թոռը: «Ա՛ շան տղա, ոնց թե ինչիս ա պետք: Էգուց-էլօր գնալու ես բանակ՝ կամանդիրդ ասելու ա՝ պաշոլ նախ… Բա չիմանա՞ս՝ ուր էթաս»»: