Մենք այստեղ ենք մեկ պահանջով՝ թույլ չտալ Բաքվի բանտերում գտնվող հայ գերիների խայտառակ դատավարությունները, Երևանում ՌԴ դեսպանատան դիմաց գերիների վերադարձի պահանջով ակցիայի ժամանակ ասաց ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը։
Նա հիշեցրեց, որ 2020-2023 թվականներին, երբ Ադրբեջանը ցեղասպանական գործողություններ էր կատարում Արցախի Հանրապետությունում, այնտեղ էր գտնվում ռուսական խաղաղապահ առաքելությունը:
«Մենք ձեզ դիմում ենք ոչ այն հարցերով, որոնք հնչում են բոլոր սոցցանցերում՝ որտեղ էիք դուք, ինչ էիք անում, և ինչու Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարությունը այսօր հայտնվել են անօրինական կալանավորված վիճակում՝ գտնվելով Բաքվի բանտերում և ենթարկվելով դաժան վերաբերմունքի ու կտտանքների:
Մենք դիմում ենք ձեզ ոչ թե միայն որպես մեծ տերության դեսպանատան, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի մշտական անդամի, մենք դիմում ենք ձեզ որպես 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առանցքային անդամի: Ոչ ոք այն չի չեղարկել, և այդ եռակողմ հայտարարությունն ուժի մեջ է, և ձեր պարտականությունները մնում են ուժի մեջ՝ անկախ նրանից, թե ով ինչ է ասել Հայաստանի կառավարության անունից:
Մենք պահանջում ենո, որ COP29-ի ժամանակ հատկապես Ռուսաստանը, որպես հատուկ պարտավորություններ ունեցող, որպես տերություն, որը բարեկամություն է անում Հարավային Կովկասի բոլոր երկրների հետ, այդ թվում Ադրբեջանի հետ, մենք պահանջում ենք, որ դուք թույլ չտաք դատական խայտառակությունը, երբ դատելու են Արցախի հերոսական ժողովրդի ղեկավարությանը:
Մենք դիմում ենք ձեզ՝ օգտագործելու դիվանագիտական բոլոր միջոցները, պահանջելու և հասնելու Բաքվի բանտերում գտնվող բոլոր հայ գերիների ազատ արձակմանը»,- հայտարարեց Լարիսա Ալավերդյանը։