Երեքշաբթի, 11 Օգոստոս, 2026

Պուտինին ձերբակալելու օրդեր տված դատավորի նկատմամբ Ռուսաստանը հետախուզում է հայտարարել

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատավոր Տոմոկո Ականեն, որը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և երեխաների իրավունքների պաշտպան Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու օրդեր է տվել, հետախուզման մեջ է հայտնվել. հայտնում է ՏԱՍՍ-ը։

Մարտի 17-ին Միջազգային քրեական դատարանը Պուտինին և Ռուսաստանի Դաշնության Նախագահին առընթեր երեխաների իրավունքների հանձնակատար Մարիա Լվովա-Բելովային ձերբակալելու հրաման է տվել՝ «բնակչության անօրինական տեղահանման մեջ պարունակվող ռազմական հանցագործություններին ենթադրյալ մասնակցության» մեղադրանքով։ Օմբուդսմենը մեղադրվում է երեխաների անօրինական տեղափոխման մեջ։

Մարտի 20-ին Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ՄՔԴ դատախազ Քարիմ Ահմադ Խանի և դատավորներ Ռոսարիո Սալվատորե Այտալայի, Սերխիո Խերարդո Ուգալդե Գոդինեսի և Տոմոկո Ականեի դեմ՝ համարելով, որ նրանց գործողություններն ակնհայտ անօրինական են, քանի որ ՌԴ նախագահին բերման ենթարկելու հիմքեր չկան։

Համաձայն 1973 թվականի դեկտեմբերի 14-ի Միջազգային պաշտպանված անձանց դեմ հանցագործությունները կանխելու և պատժելու մասին կոնվենցիայի՝ պետությունների ղեկավարներն օգտվում են բացարձակ անձեռնմխելիությունից։