Երեկ ի զարմանս ԱԺ պատգամավորների, և ի հակասություն Թուրքիայի, Ադրբեջանի, Իսրայելի, ԱՄՆ-ի, ՌԴ-ի, անգամ Հյուսիսային Կորեայի արտաքին հետախուզական ծառայությունների և Համաշխարհային բանկի, Եվրամիության ունեցած տվյալների գերագույն գլխավոր հրամանատար Ն. Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի պետական պարտքի աճի պատճառը 8 միլիարդ դոլարի զենքի ձեռքբերումն է և ինքնահռչակվեց զենքի կովկասյան բարոն։
Զավեշտն այն է, որ ՀՀ ԱԺ-ն է ամեն տարի օրենսդրական եղանակով հաստատում պետական բյուջեն և բոլորն ապշահար լսում ու խորախորհուրդ խոկում էին թե ե՞րբ, ինչպե՞ս, ի՞նչ միջոցներով և ումի՞ց են ձեռք բերել այդքան զենք-զինամթերք և միաժամանակ հաջողացրել սեփական ուժերով ջախջախիչ պարտություն կրել 44 օրյա պատերազմում։
#Խորհրդապահական հարցադրումներ.
Եթե դուք հայտարարում եք, որ պատերազմում պարտվել եք, որովհետև ունեցել եք 70-ականների զենքեր, նշանակում է դեռևս 2020 թվականի սեպտեմբեր 27-նոյեմբերի 9-ի կապիտուլիացիան դուք այդ զինամթերքը թեկուզ մասնակի չեք ունեցել։
ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը 44 օրյա պատերազմի հանգամանքները ուսումնասիրող քննիչ հանձնաժողովին ուղիղ եթերով հայտնել է, որ ՀՀ զինված ուժերը իրենց ունեցած ներուժով կարող էին կասեցնել 2-3 անգամ գերազանցող հակառակաորդի։
2020 թ. նոյեմբերի 9-ից հետո, երբ դուք հռչակեցիք պատերազմի ավարտ և դիվանագիտական առագաստը փչեցիք դեպի հավերժական խաղաղություն, ինչո՞ւ որոշեցիք հանկարծ 8 միլիարդ դոլարի զենք գնել։
Ինչո՞ւ որոշեցիք նաև արխիվացնել Անդրանիկ Քոչարյանի գլխավորած 44 օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցը։ Ի դեպ Ա.Քոչարյանը գլխավորում էր նաև 2019 թվականին ստեղծված ապրիլյան քառօրյայի քննիչ հանձնաժողովը և դրա արդյունքում է՞ր, որ կրկին բոլորը չոր դուրս եկան։
Հ.Գ. Վարչախումբը երեկ հայտարարեց, որ ինքը որդեգրել է «Հավերժական խաղաղություն հանուն հավերժական պատերազմի» դիվանագիտական կուրսը՝ 8 միլիարդի գոյություն չունեցող զինամթերքի համատեքստում։ Միգուցե այս հայտարարությունը լրացուցիչ հիմքեր ընձեռի թուրք-ազերիական ուժերին նոր պատերազմ սկսելո՞ւ «ռևանշիստական» Հայաստանի դեմ, որը 7.5 տարի ոչ կերել է, ոչ խմել է, այլ միայն զենք է կուտակել։
Առաջարկում եմ ընդառաջ գնալ Հայաստանի վարչապետին ձևավորել ՀՀ ԱԺ պատգամավորներից և հանրային քաղաքացիական սեկտորից հանձնաժողով՝ համապատասխան փորձագետներով, և ուսումնասիրել թե այդ ինչ 8 միլիարդ դոլարի զենք է գնվել՝ պայմանով միայն, որ դրա նախագահը չլինի Անդրանիկ Քոչարյանը։
Արեգ Սավգուլյան, պատմաբան





