Երկուշաբթի, 10 Օգոստոս, 2026

Պայմանագրային զինծառայողին կանչել են հանդիպման, դանակի հարվածներ հասցրել ու սպանել նրան

Այսօր ցերեկը Սևանի կենտրոնական հրապարակում սպանել են 20–ամյա երիտասարդի։

Քրեական ոստիկանները պարզել են, որ սպանվածը Տավուշի մարզի բնակիչ 20-ամյա Արամ Խաչատրյանն է։ Գագիկ  Շամշյանի հաղորդմամբ՝ մահացածին զանգահարել և կանչել են Սևան, նա եկել է հանդիպման և առանց որևէ բան քննարկելու, միանգամից նրան դանակի հարվածներ են հասցրել։

Արամ Խաչատրյանը Տավուշի մարզի Վերին Ծաղկավան համայնքի բնակիչ էր, պայմանագրային զինծառայող։

NEWS.am-ի տեղեկություններով՝ Արամը 6 ամիս ծառայելուց հետո դիմել էր «Պաշտպան հայրենյաց» ծրագրին եւ արդեն 3 ամիս է՝ անցել էր ծառայության իր բնակավայրի մոտ գտնվող զորամասում։ Նա երկու օր առաջ իջել էր հերթափոխից։

Թե ինչն է եղել սպանության պատճառը, հայտնի չէ։ Համագյուղացիները չգիտեն նաեւ, թե ինչու էր Արամը Բերդից հասել Սեւան։

Երկու կասկածյալ հայտնաբերվել է։