Հայաստանի Ազգային ժողովն այսօր՝ նոյեմբերի 28–ին, արտահերթ նիստ է գումարել։
ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է միայն մեկ հարց՝ «Հայաստանի Հանրապետության եւ Եվրոպական միության միջեւ Եվրոպական միության ճգնաժամային կառավարման գործողություններում Հայաստանի Հանրապետության մասնակցության շրջանակը սահմանելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը»։
Նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ այս համաձայնագիրը հնարավորություն է ընձեռնում ճգնաժամերի կառավարման ոլորտում լավագույնս օգտագործել Եվրոպական միության փորձն ու գիտելիքները:
Հայաստանի մասնակցությունը ԵՄ առաքելություններին հնարավորություն կընձեռնի կողմերի համապատասխան գերատեսչությունների միջեւ փոխգործակցելիության հաստատմանը եւ/կամ խորացմանը, ինչը կդյուրացնի հետագա համագործակցությունը տարբեր նախաձեռնությունների շրջանակներում:
Հաշվի առնելով, որ վերջին շրջանում ՀՀ–ի եւ ԵՄ–ի միջեւ գործընկերության օրակարգը համալրվել է նաեւ անվտանգային եւ պաշտպանական ոլորտի համագործակցությամբ՝ Համաձայնագիրը հնարավորություն կստեղծի նշյալ ուղղություններով եւս համագործակցության խորացման եւ հետագա ընդլայնման համար:




