Հինգշաբթի, 6 Օգոստոս, 2026

Ուկրաինան համաձայնել է 30-օրյա հրադադարի առաջարկին

Ուկրաինան համաձայնել է 30 օրյա  անհապաղ ժամանակավոր հրադադար կնքելու ԱՄՆ-ի առաջարկին. ասված է Ուկրաինայի նախագահի կայքում հրապարակված հայտարարության մեջ, որը հաջորդել է  Սաուդյան Արաբիայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպմանը։

Սակայն Ռուսաստանը ևս պետք է համաձայնի հրադադարի պայմանավորվածությանը։

«Ուկրաինան պատրաստակամություն է հայտնել ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ անհապաղ ժամանակավոր 30-օրյա զինադադար կիրառելու մասին, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ։

Բացի այդ, պատվիրակությունները քննարկել են հումանիտար ջանքերի կարևորությունը որպես խաղաղ գործընթացի մաս, մասնավորապես վերոհիշյալ հրադադարի ժամանակ ներառյալ ռազմագերիների փոխանակումը, ձերբակալված քաղաքացիական անձանց ազատումը և բռնի տեղահանված ուկրաինացի երեխաների վերադարձը:

«Երկու պատվիրակությունները համաձայնել են որոշել իրենց բանակցող թիմերի կազմը և անհապաղ սկսել բանակցությունները կայուն խաղաղության հասնելու համար, որը կապահովի Ուկրաինայի երկարաժամկետ անվտանգությունը: Միացյալ Նահանգները պարտավորվել է քննարկել այդ կոնկրետ առաջարկները Ռուսաստանի ներկայացուցիչների հետ:

Միևնույն ժամանակ, երկու երկրների նախագահները պայմանավորվել են հնարավորինս արագ համապարփակ համաձայնագիր կնքել Ուկրաինայի կարևոր հանքային պաշարների զարգացման վերաբերյալ՝ Ուկրաինայի տնտեսությունն ամրապնդելու և Ուկրաինայի երկարաժամկետ բարգավաճումն ու անվտանգությունն ապահովելու համար։

Համատեղ հայտարարության մեջ նշվում է նաև, որ ԱՄՆ-ը վերսկսում է Ուկրաինային զենքի մատակարարումները, ինչպես նաև հետախուզական տեղեկատվության փոխանակումը։

«Միացյալ Նահանգներն անհապաղ վերսկսում է հետախուզական տվյալների փոխանակումը և Ուկրաինային անվտանգության աջակցությունը»,- ասվում է հայտարարության մեջ։