Ադրբեջանցիներն ունեն իրենց վերքերը. Ադրբեջանում կարծում են, ես չեմ ասում՝ ճիշտ է, թե սխալ, բայց այնտեղ կարծում են, որ Հայաստանը 30 տարի շարունակ իրենց երկրի տարածքի 20 տոկոսը պահել է օկուպացիայի տակ, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի համար կարևոր է կանխել ապագա ցանկացած սպառնալիք և թույլ չտալ դա, ասենք, 50 կամ 100 տարի հետո… Ամեն ինչ կարող է լինել»,- ասաց նա։
Ալեն Սիմոնյանի խոսքով՝ այնպես չէ, թե հայերի մեծամասնությունը ցանկանում է տեսնել ադրբեջանցի սահմանապահների։
«Եվ դա վատ է, բայց ժամանակի ընթացքում դա էլ կանցնի։ Նույն հայերն ու ադրբեջանցիները Մոսկվայում բիզնես են անում և ընկերություն են անում։ Նույնն են անում նաև այլ երկրներում։ Լարվածություն կա, վերքերը թարմ են։ Իսկ մենք մարդ չե՞նք սպանել։ Ադրբեջանական կողմից մարդիկ չե՞ն մահացել։ Վստահության վերականգնման շրջանում խնդիր կա շփումները նվազագույնի հասցնելու վերաբերյալ։ Դա չի նշանակում, որ 5-10 տարի հետո այդպիսի անհրաժեշտություն կլինի»,- ասաց ԱԺ նախագահը։։
Խորհրդարանի խոսնակը շեշտեց՝ Հայաստանի համար կարևոր է հաղորդակցությունների հնարավորինս շուտ ապաշրջափակումը, իսկ «այդ էմոցիոնալ հարցերը կլուծվեն արագ»։
Նրա խոսքով՝ շատ կարճ ժամանակ անց հայերն ու ադրբեջանցիները առևտուր կանեն։
«Մենք ունենալու ենք հայ-ադրբեջանական ապրանքների համատեղ շուկա։ Մեր խանութներում լինելու են ադրբեջանական ապրանքներ, իսկ հայկական ապրանքները լինելու են Բաքվի և Ադրբեջանի մնացած քաղաքների խանութներում, և դա անխուսափելի է։ Ինչքան էլ ուզում եք թռեք օդ, իջեք ներքև՝ անխուսափելի է։ Հայերը գնալու են ավելի էժան բենզին առնեն, գան, որովհետև այդպես ձեռնտու է»,- ասաց Սիմոնյանը։
Ինչ վերաբերում է «Թրամփի երթուղուն», Ալեն Սիմոնյանը որպես օրինակ բերեց «Զվարթնոց» օդանավակայանի արգենտինական ընկերության կառավարման մոդելը։
«Աբստրակտորեն ասած, պայմանականորեն ասած, էներգետիկ ենթակառուցվածքների կառուցմամբ կարող է զբաղվել հայկական ընկերությունը, իսկ երկաթուղու կառուցմամբ՝ մեկ այլ ընկերություն։ Այդ հարցերը կլուծի համատեղ հայ-ամերիկյան կազմակերպությունը»,- ասաց նա։
Խորհրդարանի խոսնակն ընդգծեց՝ որ ամեն ինչ իրականացվելու է հինգ հայտնի սկզբունքների հիման վրա, այդ սկզբունքների շրջանակներից դուրս ոչինչ տեղի չի ունենա։
«Պայմանականորեն ասած՝ բացառվում է, որ մենք չիմանանք, թե Հայաստան ռումբ են տանում և այն կես ճանապարհին պայթի։ Հայաստանը կիմանա, թե ինչ բեռներ են անցնում։ Դրանք տեխնիկական հարցեր են, հիմա կան սկաներներ և այլ տեխնիկական միջոցներ»,- ասաց Սիմոնյանը։