Որևէ պատերազմ չի կարող լեգիտիմ հիմքեր ունենալ. պատերազմն ինքնին անօրինական է, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի հայտարարությանը, թե ինքը հարցազրույցում ասել է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ունեցել Արցախի վրա հարձակվելու, և այդ հիմքերը ՄԱԿ-ի 4 բանաձևերն են:
«Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո որևէ պատերազմ չի կարող լեգիտիմ լինել: Դա աբսուրդ է, որևէ մեկը չի կարող դա ասել, չի կարող լեգիտիմացնել: Նույնիսկ ռուս-ուկրաինական պատերազմն անվանում են «հատուկ ռազմական գործողություն»:
Իմ ասածն այն է, որ միջազգայնորեն ճանաչված սկզբունքների հիման վրա Ադրբեջանն իր գործողություններն իրականացրել է իր տարածքում: Իմ ասածը հետևյալն էր, որ եթե դա տեղի է ունենում իր լեգիտիմ միջազգայնորեն ճանաչված տարածքում, ապա Հայաստանի հանդեպ ագրեսիան չի կարող լեգիտիմ լինել:
Դա էր իմ ասածը, իսկ այն, ինչ իրենք են ասում… դուք չգիտե՞ք, որ ՀՅԴ-ի մասին հայտնի ասացվածք կա, որ ասում են՝ կողմ ըլլալով դեմ են և դեմ ըլլալով կողմ են: Հիմա էլ եկել էին, ասում էին՝ չենք մասնակցելու քննարկմանը, մասնակցեցին քննարկմանը, կեսից վեր կացան, գնացին»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը: