Այսօր, երբ հայտնի դարձավ, որ իշխող խորհրդարանական խմբակցությունը չի մասնակցելու օրենքի ուժով հրավիրված ազգային ժողովի արտահերթ նիստին, մի քանի ուղիղ ու շիտակ հարց ուղղելու անզսպելի ցանկություն է առաջացել ընդդիմադիր երկու խմբակցությունների հարգելի պատգամավորներին։ Այս մասին գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Որոշե՞լ եք կրկին պահպանել ձեր մանդատները։ Ինչի՞ համար։ Սին խոստումների և անպտուղ ու անիրականանալի հույսերի համա՞ր։ Այն անկարողության և անօգնականության համար, որ դուք անընդհատ դրսևորու՞մ եք «անհարմար» իրավիճակներում:
Չեք գիտակցու՞մ, որ Բագրատ Սրբազանի կողմից հունիսի 9-ին հայտարարված իմպիչմենտի իրականացման համար անհրաժեշտ ձեր՝ անբավարար ստորագրությունների և դրան հաջորդած «ուղերձային» անիմաստ ու անիրական գործողությունների պատճառով ծագած ճգնաժամը վկայում է ՁԵՐ «ռոմանտիկ» ակնկալիքների և փաստացի հնարավորությունների միջև խորը անջրպետի մասին։
Դու՛ք, դատարկ դահլիճում մենակ մնացած ընդդիմադիր պատգամավորնե՛րդ, այսօր վստահաբար հանդես եք գալու մեղադրանքներով, բողոքներով և պաթոսով լի ելույթներով՝ դիմելով ֆանտոմային լսարանին։ Ձեր խոսքերը խրոխտ ու բարձր են հնչելու, բայց դատարկ դահլիճի արձագանքը ընդգծելու է ձեր խոսքերի ու ջանքերի անիմաստ և ապարդյուն լինելը։