Քաղաքապետարանի ներսում շատ պայթունավտանգ իրավիճակ է, Վարդան Ղուկասյանի կողմնակիցները փակել են մուտքը. հենց սկզբից ինձ թույլ չտվեցին ներս մտնել և պարոն Ղուկասյանի հետ հանդիպել, ասեցին քննչական գործողություններ են։ Այս մասին Գյումրու քաղաքապետարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Մելքոնյանը։
Անդրադառնալով ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանի գրառմանը, որտեղ նա Վարդան Ղուկասյանին անվանել է «կոռուպցիոներ սրիկա», պատգամավորը նկատեց՝ դա ՔՊ-ականների գործելաոճն է։
«Անմեղության կանխավարկածը խախտելով միանգամից արդեն որոշեցին, որ պարոն Ղուկասյանը հանցագործ է, հանցագործություն է կատարել ու անեծքի պես բաներ են ասում։
Պարոն Ղուկասյանը մի 10 րոպե առաջ դուրս եկավ, դիմեց համակիրներին, աշխատողներին, որոնք հավաքվել էին, ասաց՝ իջնեն ներքև, ինքը հանգիստ դուրս գա։ Դեռ դուրս չեն եկել, շենքում են, քննչական գործողություններ են ընթանում»,- ասաց պատգամավորը։
Հարցին՝ Վարդան Ղուկասյանին կտանե՞ն կալանքի, նա պատասխանեց՝ չի ցանկանում, որ այդպիսի բան լինի, բայց Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում ելույթից հետո պարզ էր, որ իրավական համակարգին բառացի հրահանգ տրվեց»։
Ինչ վերաբերում է Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած ձայնագրությանը, պատգամավորը նկատեց, որ նմանատիպ ձայնագրություններ ՔՊ-ն միշտ էլ «սլիվ» է արել Փաշինյանի «Հայկական ժամանակի» միջոցով։
Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ Վարդան Ղուկասյանը կաշառք վերցրե՞լ է, թե չի վերցրել, ինչին ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորը նկատեց՝ դա ոչ ոք չի կարող ասել։
«Անմեղության կանխավարկած կա, որը միշտ ոտնահարվում է ՔՊ–ի կողմից։ Իրավապահ համակարգը դարձել էդ խեղկատակի ձեռքին գործիք, զբաղված են միայն ընդդիմադիրներին ճնշելով»,- ասաց նա։
Ընդդիմադիր պատգամավորը միաժամանակ տեղեկացրեց, որ ներսում իրավապահները շատ-շատ են, այդ թվում փոխոստիկանապետերը, Պարեկային ծառայության պետը։