Ըստ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի՝ Հայաստանում ոչ ոք եկեղեցու գործերին չի միջամտում, իսկ Հովհաննավանքում կարգալույծ քահանայի կողմից մատուցված պատարագին էլ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է որպես մասնավոր քաղաքացի։
Պատասխանելով ՀԱԵ-ի նկատմամբ Փաշինյան հարձակումների և սեփական լիազորությունները վերազանցելու մասին հարցին՝ Գալյանը շեշտեց՝ լիազորությունների մասին խոսելիս անհրաժեշտ է տարանջատել հանգամանքները, այն է՝ պետք է տարբերել, թե ով ինչ է անում՝ որպես պաշտոնյա և որպես քաղաքացի։
Մեկնաբանելով որոշ փորձագետների կարծիքը, որ ՀԱԵ-ի դեմ իր հարձակումներով Փաշինյանը խախտել է Հայաստանի սահմանադրական կարգը, նախարարը հայտարարեց՝ եկեղեցին չի մտնում «սահմանադրական կարգ» հասկացության մեջ։
Ըստ նախարարի՝ Փաշինյանը պատարագին մասնակցել է լիազորություններից դուրս։
«Դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուր ոք, այդ թվում՝ վարչապետը», – պարզաբանեց Գալյանը՝ կոչ անելով մասնավոր անձի գործողությունները չկապել եկեղեցու հետ։
Արդարադատության նախարարը միաժամանակ հավաստիացրեց, որ երեկ չի տեսել Հովհաննավանքի այն կադրերը, որտեղ անվտանգության ծառայողները, քաղաքացու բերենաը փակելով, վերջինիս քարշ տալով դուրս են հանում եկեղեցուց։
Հիշեցնենք՝ տվյալ քաղաքացին բարձրաձայն ասել էր, որ պատարագ մատուցող քահանան կարգալույծ է։
«Կադրեր չեմ տեսել, բայց եթե բռնարարքի մասին է խոսքը, իհարկե դա քննադատելի երևույթ է և ոչ միայն քննադատելի, այլ նաև օրենքով պատժվող։ Եթե նման բան տեղի է ունեցել, թող այդ մասին մտածեն իրավապահ մարմինները։ Կարծում եմ՝ ցանկացած աշխատակից պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում։ Բայց ես գնահատականներ չեմ կարող տալ՝ գործել է իրավաչափ, թե ոչ»,- ասաց Գալյանը։









