Լիցենզիայից զրկելը, եթե զուգահեռ տանենք քրեական օրենսգրքի հետ, դա մոտավորապես նույնն է, ինչ անձին ցմահ ազատազրկելը, այսօր հայտարարեց ՀԷՑ-ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը։
«Երբևէ ՀԷՑ-ում չի եղել այդպիսի արարք կամ այդպիսի գործողություն, որը ենթադրեր ոչ թե լիցենզիայից զրկում, այլ նույնիսկ դրան մոտ որևիցե պատիժ։ Ժողովրդի հույզերի հետ են խաղում ընդամենը։ Իմիջիայլոց, բան չի փոխվել, եթե ավելի չի վատացել նույն հոսանքազրկումների պահով։ Բոլորս տեսնում ենք, որ մի հատ անձրև է գալիս, նորից հոսանքազրկում է լինում, մարդիկ գրում են համապատասխան սուբյեկտի անունը տալով, ասելով՝ ուր է մեր լույսը, ինչ եղավ և այլն։ Դա էլ հո մենք չենք կազմակերպո՞ւմ։
Իսկ իրենց գործելաոճը ընդամենը «բեսպրեդել» է ուղղակի, անում են՝ ինչ ուզում են, խոսում են՝ ինչ ուզում են»,- նշեց բանախոսը։
Դավիթ Ղազինյանը միաժամանակ հիշեցրեց, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչին և ՀԾԿ հանձնաժողովի նախագահին հրավիրել է բանավեճի, կոչ է արել Հ1-ով կազմակերպել բանավեճ։
«Ես փակել եմ էջը, իհարկե, բայց պնդում եմ, որ եթե իմ ասած թեմաների հետ կապված որևիցե մեկը խնդիր ունի, մինչև վարույթը, խնդրեմ, պատրաստ եմ, ես միայնակ կառավարչի և հանձնաժողովի նախագահի հետ… դե մոտավորապես պարզ է՝ վարողն էլ ով է լինելու, այդտեղ դառնում է երեքը մեկի դեմ։ Դրան էլ եմ պատրաստ, այնպես որ գնդակը իրենց դաշտում է»,- ասաց Ղազինյանը։
ՀԷՑ-ի նախկին տնօրենը նաև իր զարմանքը հայտնեց, թե ինչու ՀԷՑ-ի կապալառուները, համագործակցող ընկերությունները որևէ ձայն չեն հանում. հավանաբար՝ իշխանությունից ունեցած վախի պատճառով։
«Նրանց չեն վճարում, ուշացնում են ժամկետները, գործերի մեջ թերություններ են փորձում գտնել, որպեսզի պրոբլեմ ստեղծեն։ «Քցելը» վերջնական կատարված գործողություն է, դրա համար չեմ ուզում ասել՝ «քցում են», համենայնդեպս ուշացնում են;
Կամ ասում են՝ վարկային միջոցներից 15 մլն փակել եմ։ Իհարկե, մենք էլ ոչ մեկի գումար չվճարեինք, ոչ մի գործ չանեինք, ավելի շատ կարելի էր փակել։ Գործում են տոկոսանոց քարտ բլանշի քողի տակ։
Ոչ մի պետական մարմին այսօրվա ՀԷՑ–ին չի պատժում, անգամ վախենում են մոտենալ։ Որովհետև համապատասխան սուբյեկտը ունի 100 տոկոսանոց քարտ բլանշ, ուղղակի վերջը լավ լինի, որովհետև ինքը գործուղվել է այդտեղ ինչ-որ բան գտնելու։ Եթե չի գտնելու, վերջը լավ չի լինելու»,–ասաց նա։





