Ո՞ւմ գողանան, ինչի՞ համար գողանան, գողանան՝ ի՞նչ անեն, լրագրողների հետ ճեպազրույցում այսօր նման կերպ արձագանքեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հակադարձելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի այն հայտարարությանը, որ ՔՊ-ն Գյումրիում փորձում է մանդատ գողանալ։
«Իսկ իշխանափոխություն անելու համար պետք ա էդ մի հոգուն գողանա՞լ, որ իշխանափոխություն լինի, հա՞, լո՞ւրջ։ Իսկ մինչև այդ խնդիր չկա՞ր ավագանիում, իսկ հիմա կա՞։
Հիմա մի հոգի որոշել ա իրա մանդատը դնի, հետո որոշել ա՝ հետ վերցնի։ Ըհը, ստեղ ՔՊ-ն բան ունի… Ստեղ պատգամավորներ կան «Հայաստան» դաշինքից, որ դուրս են եկել խմբակցությունից, պատգամավորներ կան, որ ՔՊ-ից են դուրս եկել։ Հիմա ինչ-որ մեկը փորձում ա Աղազարյանին, Ասլանյանին և Գեղամ Նազարյանին մեկը մյուսից գողանա՞լ։ Էլ չեմ ասում, որ ՔՊ-ով դարձան քաղաքական գործիչ, հիմա «Հայաստան» դաշինքում են, և բոլոր տեղերում տենց բաներ կան»,- ասաց Ալեն Սիմոնյանը՝ հերքելով, որ ՔՊ-ն որևէ կապ ունի Գյումրիում Կարեն Բադալյանի՝«Մեր քաղաքը» 6 հոգանոց խմբակցությունից դուրս գալու որոշման հետ։
ԱԺ նախագահը հավաստիացրեց, որ Կարեն Բադալյանին չի ճանաչում։
«Ոչ մեկ ոչ մեկին չի գողանում, ես էդ մարդուն չեմ ճանաչում, և որևիցե կապ ՔՊ-ն չունի։ Ասեմ ավելին՝ ցանկություն էլ չունի որևիցե կապ ունենալ։ Գյումրեցին իրա ընտրությունը կատարել ա, մենք գյումրեցուն թողնում ենք իր ընտրության հետ։ Տեր ենք կանգնում մեր ձայներին և շարունակելու ենք աշխատանքները։ Վերջիվերջո մենք այնտեղ առաջին տեղն ենք զբաղեցրել և աննախադեպ շատ ձայն ենք հավաքել՝ երկու անգամ ավելի շատ, քան ընդդիմադիրների երկրորդ, երրորդ տեղը, բայց շարունակում ենք աշխատանքը»,- ասաց Սիմոնյանը։
Հիշեցնենք, որ փաստաբան Սոս Հակոբյանն ավելի վաղ նշել էր՝ իշխանությունը փորձում է գտնել կամ գտել է ինչ-որ եղանակներ և կամաց-կամաց սկսել է խարխլել այն իրավիճակը, որ կա գյումրեցիների ընտրության արդյունքում:
«Ապրիլի 21-ին «Մեր քաղաքը» 6-հոգանոց խմբակցությունից Կարեն Բադալյանը դիմում էր գրել, որ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ հնարավոր չի համարում իր պաշտոնավարումը որպես ավագանու անդամ և հրաժարականը դիմում էր ներկայացրել։
Իր դիմումից երկու օր հետո Կարենը Բադալյանը բոլորին անհայտ հանգամանքներում նորից դիմում է գրել, որ խնդրում է անտեսել իմ դիմումը, ցանկանում է շարունակել պաշտոնավարել որպես ավագանու անդամ և ուզում է դուրս գալ «Մեր քաղաքը» խմբակցությունից:
Այսինքն՝ այստեղ միջամտություն է տեղի ունեցել»,-ասել էր Սոս Հակոբյանը՝ ընդգծելով, որ ընդդիմադիրներից պոկված ավագանու անկախ անդամը կարող է ընդամենը մեկ շահի ծառայել, և դա իշխանության շահն է:
Ըստ փաստաբանի՝ այս միջամտությունը փորձ է խեղելու, փոխելու Գյումրիում ժողովրդի քվեի արդյունքում ձևավորված քաղաքական պատկերը։