Արցախի նախագահի հրամանագրով՝ հունվարի 7-ին Վիտալի Բալասանյանն ազատվել է Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնից, նույն պաշտոնին նշանակվել է Արարատ Մելքումյանը։
Ստորև ներկայացնում ենք Արցախի ԱԽ նորանշանակ քարտուղարի կենսագրության կարևոր դրվագները․
Արարատ Մելքումյանը որպես սպա ծառայել է Արցախի բանակում՝ հասնելով մինչև գնդապետի կոչման։ 2016 թվականին N զորամասի հրամանատարի` մարտական պատրաստության գծով տեղակալ Արարատ Մելքումյանի գլխավորած ջոկատը կասեցրել է նախահարձակ ադրբեջանական ուժերի առաջխաղացումը: Ապրիլի 4-ին վիրավորվել է։ Պարգևատրվել է Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
44-օրյա պատերազմի ժամանակ զբաղվել է հիմնականում Մարտունու շրջանի ինքնապաշտպանական հարցերով։ Հայ-ադրբեջանական պատերազմում Արցախին մատուցած բացառիկ ծառայությունների համար 2020 թվականի նոյեմբերի 22-ին գեներալ-մայոր Մելքումյանին շնորհվել է Արցախի հերոսի բարձրագույն կոչում:
Արարատ Մելքումյանը ծնվել է 1973 թվականի փետրվարի 1-ին Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղում։ Ընտանիքը բաղկացած է եղել վեց երեխայից։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվել է Մոսկվայի իրավաբանական ինստիտուտի հեռակա բաժինը։ 1991 թվականին զորակոչվել է Խորհրդային բանակ։ Մեկ տարի անց վերադարձել է Մարտունի քաղաք և ընդգրկվել Կարմիր Շուկայի ինքնապաշտպանական ջոկատում։ Նրա հրամանատարներն են եղել Մոնթե Մելքոնյանն ու Մովսես Հակոբյանը։
Եղել է վաշտի հրամանատար, 1994 թվականին պարգևատրվել է Արցախի «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով։
Հետագայում ուսումը շարունակել է Մոսկվայի համազորային ակադեմիայում, որից հետո աշխատանքի անցել Արցախի պաշտպանության բանակի խոշոր զորամիավորումներից մեկում։
Եղել է Արցախի N զորամասի հրամանատար։
2016 թվականին իր ջոկատի հետ մասնակցել է Քառօրյա պատերազմին և պարգևատրվել Հայաստանի «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով։
2018 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ ՊՆ 1-ին զորամիավորման հրամանատար։
2019 թվականի հուլիսից Մարտունու շրջանի վարչակազմի ղեկավարն է։