Երկուշաբթի, 3 Օգոստոս, 2026

Նիկոլ սա է քո իշխանությունը․Հանրային Հեռուստաընկերությունը դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը, որ քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը ․ Տիգրան Ներսիսյան

Ես բոլոր ժամանակներում , միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին , բայց նրանցից ոչ ոք , երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի , նենգ , վախկոտ ու չնչին քայլի ․Ֆեյսբուքի իր էջում գրել է դերասան Տիգրան Ներսիսյանը, որը Հանրային հեռուստաընկերությունում վարում էր  «Սպասիր ինձ»  հաղորդաշարը։

«նիկոլ սա է քո իշխանությունը , քո իշխանական համակարգը ,քո դեմքը, քո էությունը ․

Իմացա որ Հանրային Հեռուստաընկերությունը պայմանագիր չի կազմում ինձ հետ ,,Սպասիր ինձ ,, հաղորդաշարի իմ հետագա գործունեության համար ․Դադարեցնում է ինձ հետ համագործակցությունը․ԵՎ դա միայն այն պատճառով որ չեմ լռել , արտահայտել եմ իմ քաղաքացիական դիրքորոշումը , հայտնել եմ արվեստագետի իմ խոսքը , քննադատել եմ քեզ ու քո իշխանությանը ․

Ես բոլոր ժամանակներում , միշտ քննադատել եմ իշխանություններին և նրանց ղեկավարներին , բայց նրանցից ոչ ոք , երբեք թույլ չեն տվել իրենց իմ նկատմամբ այսպիսի տմարդի , նենգ , վախկոտ ու չնչին քայլի ․

Այո գուցե չեն սիրել ( ես չեմ էլ տենչացել իրենց սիրուն ) , բայց իջնել այդքան ոչ ոք իրեն թույլ չի տվել ․Իսկ քաղաքակիրթ աշխարհում իշխանությունները հենց քննադատության համար են ոչ թե աստվածացնելու , մանավանդ մտավորականի կողմից ․

Քեզ համար մտավորականը, արվեստագետը մեկն է ՝ քեզ քծնողը , մտնողը՝ իր նեղ անձնական շահերից ելնելով , նույնիսկ մոռանալով Հայրենիքը ․ Դրանցից , այստեղ մեզ մոտ դու փաթեթով ունես , բոլոր տարիքային խմբերում ` 30-ից-70 , նույնիսկ ջահելները չեն խրտնում ․ Սփյուռքում էլ ունես , անբարոյականներ որոնք իրենց մեծատաղանդի տեղ են դրել , Հայրենիքը խոպան սարքել և մեզ էլ սովորեցնում են, հեռու-հեռուներից թե ինչպիսին պետք է լինի մեր Երկիրը և ինչպես մենք պետք է ապրենք ․

Մեզ մոտ մի քանիսին մոռացա , արդեն ոչ մեծատաղանդ ՝ այլ ,,հանճար,, , որոնք ահ ու դողով մտածում են հանկարծ սխալ քայլ չանեն կամ սխալ խոսք չասեն որպիսի իրենց վերջնական, երազած ճանապարհը դեպի Կոմիտասի պանթեոն ինչ որ կերպ խաթարվի և իրենք հայտվեն այլ քառակուսի մետրում , այդ իսկ պատճառով խուլ
են , կույր և համր ․

Իրենք լավ գիտեն թե ով կարող է իրենց զրկել ՝ երազած հանգրվանից ․ Հա , դու ինձ հարվածեցիր և ցավ պատճառեցիր, քեզ հաջողվեց ( բայց էդպիսի բաներ են՞՞՞ քեզ հաջողվել ) քանի որ ,, Սպասիր Ինձ ,, հաղորդաշարը , որի առաջին իսկ օրվանից աշխատել և եթերում եմ եղել ՝ ինձ համար շատ թանկ էր, սիրելի ու հարազատ․

Ընդհանրապես ՝ եթե թատրոնների շարքում Սունդուկյանն է եղել իմ տունը , իմ օրրանը ապա Հանրայինն է եղել այն հեռուստաընկերությունը որ դեռ իմ պատանեկության տարիներից բախտ եմ ունեցել բազմաթիվ նախագծերում , ծրագրերում համագործակցել և ստեղծագործել ․

Միամիտ կլիներ մտածել որ ես չէի սպասում , այն էլ քեզնից ու քո լակոտնյաից որոնք նշանակվելով պաշտոնների ամբողջ քաղաքական դաշտում ՝ նաև Հանրայինում մեկ նպատակ են հետապնդում ՝ փող աշխատել և կատարել քո կամքը ․ Հանրային Հեռուստաընկերությունը միշտ է լինելու իսկ դու և քո լակոտնյան , ոչ ․

ԵՎ համոզված եմ որ Հանրային Հեռուստաընկերությունը մի օր կվերադառնա այն առաքելությանը ինչի համար ստեղծված է , այլ ոչ թե կստեղծի այդ առաքելության պատրանքը ՝ բավարարելու ինչ որ փոքրիկ մարդու չկայացած երազանքները ․

,,Սպասիր Ինձ,, հաղորդաշարի բոլոր իմ գործընկերներին շնորհակալություն եմ հայտնում տարիների աշխատանքի , մեր ապրած վայրկյանների , ակնթարթների, համագործակցության և ստեղծագործության համար ․ Դուք շատ լավն եք ․ Ցանկանում եմ բարի եթեր , հաջողություններ և երկար ճանապարհ ․Դուք բարի , նվիրական և կարևոր գործ եք անում․

Դուք օգնում եք մարդկանց ․ Շնորհակալ եմ բազմահազար հեռուստադիտողներին ,մեր ժողովրդին , իմ հանդիսատեսին որոնք իմ կողքին են եղել , ինձ հետ և որոնց կարողացել եմ գեթ մեկ վարկյան գեղեցիկ և նվիրական պահեր պարգևել ․

Շնորհակալ եմ ․

Առայժմ․․․․Կհանդիպենք ․
ՀՀ վաստակավոր արտիստ՝

                     Տիգրան Ներսիսյան ․

Հ․Գ․ Հատուկ շնորհակալություն Ալեքսան Հրությունյանին և Գագիկ Բունիաթյանին ` 2012թ-ին ,, Սպասիր Ինձ ,, հաղորդաշարին ինձ ՝ համագործակցության հնարավորություն տալու համար ․»։