ԱԺ Ֆինանսավարկային 7 բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր քննարկվեց Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ՔՊ խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածության հարցը։
Ինչպես նշեց Սահակյանը, իր համար մեծ պատիվ է լինել ՔՊ թեկնածուն։
«Կարեղ ենք փաստել, որ ԿԲ-ն պատշաճ իրագործում է իր առջև դրված սահմանադրական նպատակները, այն է՝ երկրում գների և ֆինանսական կայունության ապահովումը։ Ներկայումս ունենք թիրախից ցածր գնաճ, ֆինանսական համակարգը լիովին կայուն է։ Միաժամանակ տեսնում ենք վարկային և ավանդային պորտֆելների երկնիշ աճ։
Կարող ենք փաստել, որ ֆինանսական համակարգը զարգանում է, կայուն է և լավ կապիտալացված։ Տարեկան արդյունքներով բանկային համակարգում գրանցվել են բաձր ցուցանիշներ նաև շահութաբերության տիրույթում, ապահովվել է բնակչության և տնտեսվարողների սուբյեկտների անխափան վարկավորումը։ Բանկային համակարգի ակտիվները 83 տոկոս են։ Այս ցուցանիշը վկայում է, որ բանկային համակարգը ֆինանսական համակարգում ունի կարևոր դեր»,- նշեց բանախոսը։
Լևոն Սահակյանի խոսքով, սակայն, որքան էլ ֆինանսական համակարգը կայուն լինի, այն զերծ չէ ռիսկերից։ Ըստ այդմ՝ հնարավոր ռիսկեր են համաշխարհային տնտեսական ցնցումների ածանցյալ հետևանքները, ինչպես նաև անշարժ գույքի շուկայում գերտաքացումների պահպանումը։
«Վարկային պորտֆելի մեջ գրեթե հավասարակշռվել են սպառողական և հիպոտեկային վարկավորման կշիռները։ Ցածր և կայուն գնաճին ուղղված հետևողական քաղաքականությունը տնտեսական զարգացման հիմնական գործոններից մեկն է և նպաստում է ներդրումներին ու հասարակության բարեկեցության բարելավմանը։
Դրամավարկային քաղաքականության ռիսկերի խելամիտ կառավարման համակարգի շրջանակներում մենք կշարունակենք դիտարկել տնտեսության զարգացման մի քանի սցենարներ, որոնք կօգնեն ընտրել ամենաարդյունավետ միջոցառումները։ Մենք էականորեն բարձրացրել ենք դրամավարկային քաղաքականության թափանցիկությունը և հաշվետվողականությունը, ինչպես նաև արդեն նոր մակարդակի է ԿԲ խորհրդի անդամների անհատական հաշվետողականությունն ու թափանցիկությունը»,- ասաց Լևոն Սահակյանը։
Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար ՔՊ խմբակցության կողմից ներկայացված Լևոն Սահակյանի թեկնածության հարցը դրական եզրակացության արժանացավ։