Եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է գործել, ապա պետք է անպայման ենթարկվի պատասխանատվության։ Այս մասին լրագրողների հետ զրույցում այսօր ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ անդրադառնալով մամուլի հրապարակմանը, ըստ որի ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները «Զվարթնոց» օդանավակայանում Բրազիլիայի քաղաքացուն ստիպել են խմել ձեռքի շշի պարունակությունը, ինչից հետո վերջինս մահացել է։
Ներկայացնելով դեպքի մանրամասները՝ ՊԵԿ նախագահը հայտնեց, որ տվյալ անձը մեծ հավանականությամբ թմրանյութ է տեղափոխել։
«Մի հատ պատկերացրեք, որ մաքսային ծառայողը ստիպում է, որ քաղաքացին թմրանյութ խմի։ Մի հատ էդ կադրը պատկերացրեք։ Մեկ մաքսային ծառայող բացել ա բերանը, հա ․․․ Ցավալի դեպք է տեղի ունեցել, չի կարելի էս թեմայով հումոր անել։
Եղել է հետևյալը. մեր ռիսկերի համակարգը նրան թիրախավորել է և տարել զննության։ Զննության ընթացքում դուրս են բերվել շշերը, և քաղաքացին, ենթադրաբար կասկածները ցրելու համար, որոշել է, որ կարող է ապացուցել նաև խմելով։ Իհարկե, դա նորմալ ընթացակարգ չէ։ Էլի եմ ասում, եթե որևէ մեկը ոչ պրոֆեսիոնալ է կատարել իր պաշտոնական պարտականությունները, ապա պետք է ենթարկվի պատասխանատվության։
Ամեն ինչ ֆիքսված է։ Տեսանյութում, բնականաբար, ամենը չի երևում, սակայն պրոցեսը հիմնականում երևում է։ Այս պահին կա քրեական վարույթ։ Քննչական կոմիտեն հանգամքնները կպարզի։ Ես չեմ կարող ավելին մեկնաբանել»,- նշեց Ռուստամ Բադասյանը։
Հիշեցնենք, ըստ մամուլի, ՊԵԿ մաքսային ծառայության աշխատակիցները շշի պարունակությունը ստուգելու փոխարեն ստիպել են, որ Բրազիլիայի 30-ամյա քաղաքացին խմի այն, ինչից հետո նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հիվանդանոց տեղափոխվելիս մահացել է։