Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Փաշինյանը խոսել է Արցախի մասին՝ նշելով, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի արցախցիներին ապրելու հնարավորություններից զրկի։
«Հիշեցնեմ, որ պարտադիր իրավական ուժ ունեցող որոշմամբ՝ միջազգային դատարանն Ադրբեջանին պարտավորեցրեց ձեռնարկել իրեն հասու բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկու ուղղություններով անխափան տեղաշարժը: Դատարանը շեշտել է, որ իր որոշումը պարտադիր իրավական ուժ է առաջացնում Ադրբեջանի համար:
Դատարանի այս որոշումը չի կատարվում, Լաչինի միջանցքով չեն շարժվում ոչ քաղաքացիներ, ոչ տրանսպորտային միջոցներ, ոչ բեռներ: Ավելին՝ արգելվել են նաև Կարմիր խաչի մեքենաների երթևեկությունը: Սրանք կարևոր փաստեր են, որոնք իրենք իրենցով հակադարձում են Ադրբեջանի այն փաստարկներին, թե ԼՂ-ում և Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակի մասին բարձրաձայնող ուժերը, երկրները, իբր միջամտում են Ադրբեջանի ներքին գործերին:
Արդարադատության միջազգային դատարանի որոշումը չկատարելը և դատարանի որոշման կատարման ապահովումը միջազգային օրակարգի հիմնահարց է ու խնդրին պետք է մոտենալ այս տրամաբանությամբ։ Կարևոր է արձանագրել, որ այդ որոշման չկատարումն ու արհամարհումը բերել է հումանիտար ճգնաժամի»,- արձանագրել է նա։