Միշտ կա կադրային սղության խնդիր, բայց շուտով արդարադատության նախարար կընտրենք, այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու մինչև այս պահը չեն ընտրել արդարադատության նախարար, արդյոք պատճառը կադրերի սովն է:
«Թեկնածուները շատ են և նրանց մի մասը, որոնց մեջ, ես կարծում եմ, շատ արժանավոր թեկնածուներ կային, որ կարող էին շատ լավ ղեկավարել արդարադատության նախարարությունը, տարբեր պատճառներով, այդ թվում՝ նաև այսօր իրենց ունեցած աշխատանքով, պատասխանատվությամբ պայմանավորված, ցավոք սրտի հրաժարվեցին դառնալ նախարար:
Կադրերի սղության խնդիր միշտ կա, բայց նաև կան բազմաթիվ գործընկերներ մեր թիմից, որոնք շատ լավ կարող էին լինել նախարար, բայց իրենց այսօրվա աշխատանքը համարեցին, որ ավելի լավ է դա տանեն մինչև 2026 թվականը:
Բայց մենք կունենանք թեկնածու քաղաքական թիմից, միգուցե ոչ կուսակցության անդամ: Թիմը մի քիչ ավելի լայն է»,-ասաց Պապոյանը:
Նա հավաստիացրեց, որ այս պահին հորիզոնում կան անուններ, և շուտով նախարարի նշանակումը կլինի:
Հարցին՝ ինչո՞ւ են մարդիկ խուսափում գործադիր տեղափոխվել, նախարարը պատասխանեց. «Կառավարությունում աշխատանքը, բնականաբար, դժվար է: Ես լինելով ԱԺ պատգամավոր, այժմ գործադիրի անդամ, կարող եմ ասել, որ ամբողջ աշխարհում էլ այդպես է, գործադիրում աշխատանքը իր ծանրաբեռնվածությամբ և պատասխանատվությամբ ավելի դժվար է: Բայց միաժամանակ գործադիրում աշխատանքը շատ ավելի հետաքրքիր է»: